Հերմինեն` ԱԺ փոխնախագա՞հ

10/11/2011

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արդեն պաշտոնական հրաժարականից հետո ԱԺ նախագահ է դառնալու ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, քաղաքական շրջանակներում սկսել են քննարկել նաեւ ԱԺ նոր փոխնախագահի հնարավոր թեկնածուների անունները: Թեեւ ԱԺ այդ փոխնախագահի քվոտան ՀՀԿ-ինն է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անցած շաբաթ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փորձել է բարեխոսել նախագահ Սերժ Սարգսյանին` Հեղինե Բիշարյանին խորհրդարանի փոխխոսնակ դարձնելու համար, սակայն մերժում է ստացել: Իսկ ՀՀԿ-ում այս օրերին քննարկում են ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի, պատգամավոր Համլետ Հարությունյանի եւ Հերմինե Նաղդալյանի անունները: Մեր տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը հակված է վերջինիս թեկնածությանը` եվրոպացիներին ցույց տալով, որ Հայաստանի իշխող կուսակցությունը պահպանում է գենդերային հավասարությունը: Այս գումարման ԱԺ-ի գործունեությանը մնացել է ընդամենը 5 ամիս, եւ ոչ ԱԺ նախագահը, ոչ էլ փոխնախագահը էական դերակատարում չեն ունենալու քաղաքական գործընթացներում: Այնպես որ, Հ. Նաղդալյանին ԱԺ փոխնախագահ դարձնելով` իշխանությունները գոնե եւս մեկ «պտիչկա» կստանան եվրոպական կառույցներում: