ՀՀ կառավարությունն այսօր ԱԺ է ներկայացնելու հարկային նոր փաթեթի վերջնական տարբերակը: Հիշեցնենք, որ այդ փաթեթը նախատեսում էր բազմաթիվ հարկատեսակների բարձրացում: Այն 2-3 շաբաթ առաջ քննարկվել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ: Մեր տեղեկություններով` այդ փաթեթի նախնական տարբերակի արդյունքում նախատեսվում էր 2012թ. հավաքագրել հավելյալ 46 մլրդ դրամ հարկեր, մինչդեռ նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել է, թե հարկային փաթեթի արժեքը մոտ 14 մլրդ դրամ է:
Այսինքն` ԱԺ-կառավարություն-նախագահի նստավայր ճանապարհին 46 մլրդ դրամը դարձել է 14 մլրդ դրամ: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Կառավարության հետ քննարկման ընթացքում ակնկալվող հարկերը 46 մլրդ դրամից նվազվեց, եւ մնացած ողջ բեռը թողնվեց շքեղության, խոշոր հարկատուների, ստվերի կրճատման վրա»,- ասաց Վ.Այվազյանը: