Կանգ առ, Հայաստան

10/11/2011

Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանն` ըստ էության, առաջին նախընտրական ելույթն է ունեցել` ուրվագծելով, թե առաջիկա ընտրություններում ի՞նչ դերակատարում է վերապահվելու խոշոր գործարարներին: Ս. Սարգսյանը նախ խոսել է տնտեսության զարգացման իր «տեսլականների» մասին, որոնցում ակնհայտորեն զգացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը: «Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը` կարողությունները, գիտելիքները եւ փորձառությունը» հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռ մնալու են մեր իրականության մեջ: Այս հարցի պատասխանը անհրաժեշտ է առաջընթացի համար, որպեսզի իրագործվեն մեր ազգային իղձերը, գտնվեն եւ հաստատվեն մեր ուրույն տեղն ու դերը զարգացած համաշխարհային հանրության մեջ»,- Տ. Սարգսյանի «Հայկական աշխարհի» ոգուն համապատասխան` հայտարարել է Ս. Սարգսյանը: «… Մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները: Ընդ որում, այստեղ ուզում եմ շեղվել տեքստից եւ առաջարկել, որպեսզի այդ հարաբերական առավելությունները մենք փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ոչ միայն զուտ արդյունաբերության ոլորտում: Մենք պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելությունները: Այս ուղղությամբ մի խումբ հիմա փորձում է մի մեծ ծրագիր նախանշել: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք հանրությանը, եւ առաջին հերթին` գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում: Այո՛, մեր հետագա տնտեսական աճի եւ զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է»,- ասել է Ս. Սարգսյանը: Թե ի՞նչ ծրագրի մասին է խոսքը` այս պահին հայտնի չէ: Խնդիրը, սակայն, այդ ծրագրի բովանդակությունը չէ, այլ այն, որ դա ակնհայտ նախընտրական տրամաբանություն է ունենալու: Եթե խոսքը վերաբերեր ոչ իշխանական կուսակցության, ապա ամեն ինչ հասկանալի կլիներ, սակայն ՀՀԿ-ի պարագան այլ է: Անցած ավելի քան երեքուկես տարիների ընթացքում ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանը գրեթե առանց բացառության տապալեց բոլոր «աշխարհացունց» ծրագրերը, ճգնաժամի մասին լռելով` երկիրը հասցրեց 14 տոկոսանոց անկման, հետո դա բարդեց ճգնաժամի վրա: Արդյունքում` նա ոչ միայն գոնե քաղաքական պատասխանատվություն չկրեց, այլ հիմա` ընտրություններից առաջ, ներկայանում է «մի մեծ ծրագրով»: Ընդ որում, Ս. Սարգսյանի արտահայտությունը` «գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի», նշանակում է, որ ով չի մասնակցի այդ ծրագրին, «կհայտնվի կոտրած տաշտակի առաջ»: Իսկ մասնակցել իշխանության կամ ՀՀԿ-ի «մեծ ծրագրին»` նշանակում է` ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, որպեսզի այդ ծրագիրն «իրականացվի»: Մասնակցելով այդ ծրագրին, ցանկացած գործարար, բնականաբար, իր ունեցած մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները ծառայեցնելու է ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի համար: «Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- այդքանից հետո երեկվա նույն ելույթում հայտարարել է Ս. Սարգսյանը` ուղղակիորեն ապացուցելով նախօրեին Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած այն միտքը, որ «ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»: Եվ երեւի պետք չէ զարմանալ վերջին օրերին խիստ որոշակի շրջանակների կողմից տարածվող եւ առաջին հայացքից անհեթեթ թվացող այն կարծիքների վրա, թե Տ. Սարգսյանին արդեն պատրաստում են որպես 2018 թվականի նախագահի թեկնածու: Մնում է միայն աղոթել, որ Աստված բարեգութ գտնվի հայ ժողովրդի հանդեպ: