«Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելը հետագայում դժվարություններ կառաջացնի մարզադաշտի գործունեության համար,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` մանրամասնելով,- Կառուցապատումը հղի է վտանգներով: Առեւտրի կենտրոնը գտնվելու է էվակուացիոն դաշտի հատվածում, ինչը մարդկանց անվտանգ տարհանման դեպքում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Մենք շարունակելու ենք մեր պայքարը` ուղղված տարածքը նպատակային օգտագործելուն: Մենք առայժմ հարցումներ ենք ուղարկել, սակայն պատասխաններ դեռեւս չենք ստացել: Փաստորեն, այդ տարածքի հողի ապօրինի փոփոխություն է տեղի ունեցել: Եթե սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) այսօր այնտեղ առեւտրի կենտրոն կառուցելու իրավունք է ստացել, ապա վաղը, ասենք, հյուրանոց կառուցելու թույլտվություն կստանա»: Ասուլիսին մասնակցող «Հրազդան» մարզադաշտի նախագծի հեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ ասել է, թե Հրազդանի տոնավաճառի` գնալով տարածվելու եւ մեծանալու պարագայում արտակարգ իրավիճակներում մարդկանց դուրսբերումը մեծ դժվարություն է ներկայացնելու: «Մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ առեւտրի կենտրոնը կառուցվելու է ընդհանուր օգտագործման, դեպի մարզադաշտ բերող տարածքում, ինչն անթույլատրելի է: ԱԻՆ-ը եւս իր եզրակացության մեջ նշել է, որ նման առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է: Կարծում եմ` սա կօգնի, որ 20 մետր բարձրությամբ այդ կենտրոնը չկառուցվի: Անգամ ավտոկանգառները պետք է կառուցվեն մարզադաշտերից առնվազն 600 մետր հեռավորության վրա: Մարդիկ այդ հեռավորությունից մարզադաշտ պիտի հասնեն ոտքով, այդ տարածք մեքենաների մուտքն արգելվում է: Եթե այսօր ողորմելի վիճակ է ստեղծվել, դա դեռ չի նշանակում, որ «Հրազդան» մարզադաշտը պետք է անուշադրության մատնվի: Մեր հաշվարկներով` 8-10 մլն դոլարը բավարար է վերակառուցման համար»,- նշել է Մուշեղյանը: