ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նոյեմբերի 8-ի հրամանով ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: Նույն օրվա հրամանով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը (ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը) ազատվել է զբաղեցրած պաշտոնից` նշանակվելով Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ: Զբաղեցրած պաշտոններից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Շահինյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Գալստյանը: Վ. Գասպարյանն աշխատանքից ազատել է նաեւ Ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Նրա փոխարեն նշանակվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակից Արսեն Աղոյանը: Հիշեցնենք, որ Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Քեշիշյանը կասկածվում է 13.000 դոլար կաշառք վերցնելու մեջ` միջնորդների միջոցով մի քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Քեշիշյանը գործում ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն նա թաքնվում է քննությունից եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ ՀՔԾ տվյալների, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել Ոստիկանության Էրեբունու քննչական բաժին: