Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը: Ինչպես տեղեկացնում են «Սինոփսիս – Արմենիա» ընկերությունից, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` Հայաստանի նախագահի նստավայրում: Մինչ մրցանակաբաշխությունը նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Սթիվ Վոզնյակի հետ: Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ դափնեկիրն է: Առաջին դափնեկիրը` Քրեյգ Բարեթը, Սերժ Սարգսյանի կողմից մրցանակը ստացել է 2010 թվականի հունիսի 28-ին: Սթիվ Վոզնյակի այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների, առաջատար համալսարանների ղեկավարության, ուսանողների, դասախոսների եւ գիտության գործիչների հետ: