Նոր մանրամասներ «զենքի գործում»

10/11/2011

«Մոլդովայի եւ Հայաստանի միջեւ լատվիական ընկերության միջնորդությամբ տեղի ունեցած զենքի գործարքն իրականացվել է խաբեությամբ»,- ըստ մոլդովական լրատվամիջոցների, նման հայտարարություն է արել Լատվիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար Յանիս Սարտսը: «Այն, ինչ կապված է այդ գործարքի հետ, շատ բարդ է: Այսօր մենք այդ գործարքի մասին ստանում ենք նոր եւ ավելի հետաքրքիր փաստեր: Այդ պատճառով հիմա դժվար է ասել` ինչով կավարտվի այդ գործը»,- ասել է Սարտսը` ավելացնելով, որ այդ գործի առնչությամբ հետաքննություն են իրականացնում Լատվիայի հատուկ ծառայությունները: Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, լատվիական Latspetsexports ընկերության արտոնագիրը հետ է կանչվելու, քանի որ արդեն հայտնի է` այդ ընկերությունը Մոլդովայի պաշտպանության նախարարությանը վստահեցրել է այն բանում, որ Լատվիայի իշխանություններն իրեն թույլատրել են իրականացնել այդ գործարքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լատվիական «Ժամ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ լրագրողների ձեռքում հայտնվել է Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագիրը: Ըստ լրատվամիջոցի, պայմանագրում սպառազինության վաճառքի գործում որպես կողմ են ներկայացվում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը եւ լատվիական Latspeceksports ընկերությունը: Թերթը գրել էր, որ Latspeceksports-ը Մոլդովայից գնել է սպառազինություն եւ այն վաճառել Հայաստանին: Թերթի տեղեկացմամբ, լատվիական ընկերությունը սպառազինության մատակարարման համար չուներ Լատվիայի արտգործնախարարության պաշտոնական թույլտվությունը: Հիշեցնենք, որ անցած ամիս մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է 60 տոննա ժամկետանց սպառազինություն: Այդ տեղեկությունը հաստատել էր Մոլդովայի պաշտպանության նախարարը, մինչդեռ հայկական կողմը հերքում է այն: Բացի այդ, մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է ժամկետանց, բայց բավական թանկարժեք զինատեսակներ` շուկայականից անհամեմատ ցածր գնով: