«Հիմա պայքարելու եմ սեփական օրենքներով»

10/11/2011

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Դավիթ Ծաղիկյանի եւ նրա նախկին կնոջ` Գայանե Եսոյանի ընտանեկան վեճին, որը հետագայում տեղափոխվել էր դատական ատյաններ:

Հիշեցնենք, որ Դ. Ծաղիկյանը պահանջում է իր 5 տարեկան որդուն շաբաթվա մեջ երեք անգամ տեսնելու իրավունք տրամադրել, սակայն նրա նախկին կինը ոչ միայն արգելում է, այլեւ բազմիցս փորձել է Դ. Ծաղիկյանին ներքաշել հանցագործության մեջ: Դ. Ծաղիկյանը վստահեցնում է, որ Գ. Եսոյանի հայրը` Լեւ Եսոյանը, լինելով Ոստիկանության համակարգի նախկին աշխատակից, իսկ այժմ էլ` տիրապետելով ֆինանսական մեծ կարողությունների` դատարաններից վճիռները գնելով ամեն կերպ զրկում է իրեն օրինական ճանապարհով պայքարելու հնարավորություններից: Դատական երեք ատյաններով անցած այս գործի արձանագրությունները միայն բավական են` հասկանալու համար, որ դատարանի համար հիմք են հանդիսացել ոչ թե փաստերը, այլ Լ. Եսոյանի ակտիվ միջամտությունը: Մենք նաեւ անդրադարձել ենք Դատագիտագործնական լաբորատորիայի փորձաքննության եզրակացությանը, որով այդ կենտրոնն առանց երեխայի հոր արյունը վերցնելու արձանագրել է, որ երեխայի հայրը Դ. Ծաղիկյանը չէ: Օրեր առաջ Դ. Ծաղիկյանը ՀՀ Վճռաբեկ դատարանից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշում է ստացել: Հասկանալով, որ այլեւս սպառվել է դատական համակարգում պայքարելու հնարավորությունները, երեկ նա կրկին դիմել է խմբագրությանը` խնդրելով տպագրել իր բաց նամակն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա վստահեցնում է, որ պատասխանատու է իր արտահայտած ամեն մի բառի համար եւ պատրաստ է փաստերով հիմնավորել իր ասածները: Հակիրճ ներկայացնում ենք Դ. Ծաղիկյանի բաց նամակն` ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.

«Պրն նախագահ, սպառվեցին իմ երեխային պահանջելու Հայաստանի Հանրապետության բոլոր միջոցները: Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեւիցե չեմ վստահելու եւ չեմ դիմելու ՀՀ օրենքներին` օրինական ճանապարհով որեւէ բանի հասնելու համար: ՀՀ Արդարադատության համակարգը, Գլխավոր դատախազությունը, Առողջապահության նախարարության Դատագիտագործնական լաբորատորիան համատեղ ուժերով, մեծ ջանքեր գործադրելով եւ Ոստիկանության որոշ անձանց միջամտությամբ` ինձանից ապօրինաբար խլել են իմ որդուն: Դատարաններում բոլոր միջնորդություններս մերժվել են, խոսելու իրավունքս, որպես կանոն, սահմանափակվել է: Ուստի ես հայտարարում եմ, որ, եթե դատարաններում կա մի դատավոր, որն օրենքը դասում է ամեն ինչից վեր, այսինքն` օրենքը վեր է դասում այն դոլարներից, որոնց միջոցով կաշառակերությամբ խլել են որդուս` հրավիրում եմ բանավեճի, որտեղ կապացուցեմ, թե մեր ճակատագիրը ինչ կաշառակեր, անօրեն ու սրբություն չունեցող դատավորների միջոցով է որոշվում: Թող դա լինի հեռուստաբանավեճ կամ բաց քննարկում, պատրաստ եմ ասածներս փաստերով հիմնավորել: Գլխավոր դատախազին տասնյակ նամակներ եմ գրել, ահազանգել եմ հանցագործության մասին, բայց ՀՀ Գլխավոր դատախազն այս գործի շրջանակներում ստանձնել է հանցագործությունը պարտակողի դերակատար:… Պրն նախագահ, մի քանի կոպեկի համար իմ ձեռքից խլել են երեխայիս եւ դա արել են կեղծիքով, ստորաբար ու կաշառքի միջոցով: Եթե ՀՀ օրենքները կարելի է գնել ու օրենքը մեր երկրում ուժ չունի, ուրեմն` ես կստեղծեմ իմ սեփական օրենքները: Զգուշացնում եմ, հատկապես նոր ոստիկանապետին, որ որտեղ երեխայիս տեսնեմ` ինձ հետ տանելու եմ` մի երկու ժամով կարոտս առնեմ ու նորից հանձնեմ մորը: Չփորձեն հանկարծ ինձ բռնել եւ իմ կատարած քայլը որակել անօրինական: Անօրինական է մեր դատական համակարգը, Դատախազությունն ու իրավապահ մարմինը: Եթե օրինական ճանապարհով չես կարող քո իրավունքը պաշտպանել, որովհետեւ փող չես բաժանում, ուրեմն` ես կգործեմ իմ սեփական օրենքներով: Եթե ապագայում մի շենք պայթեցնեմ ու հազարավոր զոհեր լինեն` այդ ժամանակ կգիտակցեք, թե ինչի՞ց է սկսվում Ձեր երկրի քաղաքացու շիզոֆրենիան: Չկա պետության օրենքը` կա սեփական օրենքը, որով պայքարելու եմ պետության անօրինականության դեմ: Երեւի բառարանում նման բառ չկա, որով կարելի է նկարագրել դատավորներ Սամվել Ուզունյանին, Արսեն Բաբայանին, Նոյեմ Հովսեփյանին, Խունդկարյանին, որոնք փաստերն արձանագրելու փոխարեն` ընդամենը փիլիսոփայել են: Դատավորները Եսոյանների մի քանի կոպեկն ունենալու համար խլեցին իմ երեխային, այն դեպքում, երբ դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են ծառայել պետությանն ու օրենքներին: Նոր Նորքի Ոստիկանության պետն էլ գործը բացահայտելու փոխարեն` ստանձնեց դատավորի քարտուղարուհու դերը: Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքները սպառված են ինձ համար` ես արդեն իմ սեփական օրենքներով կփորձեմ երեխայիս տեսնել: Եթե պետությունն ինձ դրդում է հանցագործության, ուրեմն` թող լինի այդպես: Ես դիմել եմ նաեւ հեռուստաալիքներին` խնդրելով անդրադառնալ այս` ոտքից գլուխ անօրինական գործին, որտեղ դատավորները, Դատախազությունն ու իրավապահ մարմինը, ինչպես նաեւ` Գիտագործնական լաբորատորիան շատ հարցերի պատասխաններ պիտի տան, սակայն հեռուստատեսությունը չի սիրում անօրինականություն բացահայտել, սիրում է օրինականության մասին կեղծ քարոզներ կարդալ: Ես չեմ հանձնվել եւ չեմ նահանջում: ՀՀ օրենքներով պայքարը սպառվեց, բայց հիմա պայքարելու եմ սեփական օրենքներով»: