Միհրան Կիրակոսյանը դարձել է զույգ աղջիկների հայր

10/11/2011

Սոֆյա եւ Լիլի. այսպես է անվանել նորածին դուստրերին Միհրան Կիրակոսյանը: Ամերիկաբնակ հայտնի պարողն առաջին անգամ հայր է դարձել, այն էլ` զույգ աղջիկների: Միհրանը ծնվել է Երեւանում, 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա: Պարողի եւ երգչուհու որդին վաղ տարիքից սկսել է պարով զբաղվել: Արդեն պրոֆեսիոնալ Միհրանը ելույթներ է ունեցել Մադոննայի, Փինկի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի եւ արտասահմանյան հայտնի այլ արտիստների հետ: Նշենք, որ Միհրանը նաեւ երգում է: Նա թողարկել է «United Street of ARMerica» ալբոմն ու երկու սինգլ` «Armenia», «If You want to»: «Հորս հետ ամեն օր հայերեն էի պարապում, որ գամ Հայաստան ու անգլերեն չխոսեմ: Ցանկացել եմ դաջվածքներ ունենալ, ականջօղ, բայց հայրս միշտ ասել է` չեմ կարող դա անել, որովհետեւ հայ եմ: Առաջ չէի հասկանում` ինչ է նշանակում հայ լինել, բայց հիմա գիտեմ, որ հայ լինելը շատ կարեւոր բան է»,- ասել է Միհրանը, երբ «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու նպատակով եկել էր Երեւան: Հիշեցնենք, որ Միհրան Կիրակոսյանն էր Էմմիի հետ «Եվրատեսիլ 2010»-ում ներկայացնում «Հեյ» երգը:

Հիմա 24-ամյա պարողը դասավանդում է Գլենդելի «Matador» պարային ստուդիայում:

Bravo.am