Շաբաթ օրը ՕԵԿ ղեկավարությունը` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախընտրական հանդիպման նման մի միջոցառում է անցկացրել Գյումրիում: Ընթերցողներից նախապես ներողություն ենք խնդրում ՕԵԿ եւ քաղաքականություն հասկացություններն իրար կողքի դնելու համար: Պարզապես հաշվի առնելով նախընտրական շրջանի մեկնարկը եւ ներկայիս քաղաքական դասավորությունը, այս «կուսակցության» գործողությունները որոշակի հետաքրքրություն են ձեռք բերում: Այն առումով, որ ՕԵԿ-ը փորձում է իրեն տեղավորել ներկոալիցիոն առեւտրի մեջ` հավանաբար, ասենք, 3 մանդատի փոխարեն` ՀՀԿ ցուցակում 4-5 տեղ ստանալու համար: Օրինակ, շաբաթ օրը Գյումրիում կայացած հանդիպման ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է. «Մենք արյունոտված մարդիկ չենք, մենք, ամենակարեւորը` նամուսի ու թասիբի տեր մարդիկ ենք»: Բնականաբար, հավաքին մասնակցողներից ոչ մեկը չի փորձել Մարգարյանին բացատրել, որ «նամուս ու թասիբ» հասկացությունները ՕԵԿ-ից հեռու են այնքան, որքան իր կուսակցությունը մոտ է իշխանական կերակրատաշտին: Եվ քանի որ «տաշտակի» թեման հիմա արդիական է դարձել, ՕԵԿ-ը փորձում է անել անհնարինը` բարձրացնել սեփական գինը, այսինքն` այն, ինչ գոյություն չունի: «Մենք բաց ճակատով ենք մտնում եկեղեցի` մոմ վառելու, քանզի մեր մեջ չկան ոչ խուժաններ, ոչ գողեր»,- հայտարարել է Հ. Մարգարյանը: Բնականաբար, Մարգարյանը չի մասնավորեցրել, թե ում նկատի ունի, բայց այն իմաստով, ինչ իմաստով նա հայտարարել է, ամենաշատ «խուժաններն ու գողերը» այսօր հավաքված են ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շարքերում: Այսինքն` ՕԵԿ-ը սկսել է այսպես «քնքուշ, անշառ» ձեւով իշխանությանը հասկացնել, որ իրենց համար որոշված հասանելիքը քիչ է: Թե ինչ արդյունքի կհասնի ՕԵԿ-ը կոալիցիոն այս խառը ժամանակներում` դժվար է ասել: Բայց շատ ցանկալի կլիներ, եթե թեկուզ «հավեսի համար» իշխանությունը ՕԵԿ-ին դուրս հրավիրեր կոալիցիայից: Հետաքրքիր, չափազանց հետաքրքիր կլիներ հետեւել, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը նորից մտնելու ընդդիմադիրի «կմԱԽՔ»-ի մեջ: