Եթե Ֆրանսիայի Սենատի օրակարգում դարձյալ հայտնվի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցությունը (UMP) չի աջակցի դրան: Այս մասին, ըստ ֆրանսիական «Marianne» ամսագրի` հայտարարել են UMP-ի պատգամավորները: Ամսագրի տեղեկություններով` անցած շաբաթ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում նախաճաշել է իր կուսակիցների հետ, որտեղ քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Միություն հանուն ժողովրդական շարժման» պատգամավորները Սարկոզիից պահանջել են նախկինի պես չաջակցել այդ օրինագծին: Նրանց խոսքով` օրինագծի ընդունումը լուրջ վնասներ է հասցնելու թուրք-ֆրանսիական հարաբերություններին եւ գործարար աշխարհին: Բացի այդ, նրանց դիտարկմամբ` այդ օրինագծի ընդունումը որեւէ կերպ չի կարող ազդել 2012թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա, քանի որ ֆրանսահայ համայնքն ավելի մոտ է կանգնած սոցիալիստներին: