Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հերքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարելիք այցը չեղյալ համարելու մասին լուրերը: «Ես զարմանում եմ, թե որտեղից եք վերցնում այդ տեղեկատվությունը: Նման բան չկա, եւ ես այստեղ եմ գտնվում ՀՀ նախագահի այցը կազմակերպելու համար»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասել է Վաշաձեն: Հարցին, թե երբ է տեղի ունենալու ՀՀ նախագահի այցը Վրաստան, Գրիգոլ Վաշաձեն պատասխանել է, թե այդ մասին լրացուցիչ կհայտարարեն: Հոկտեմբերին վրացական աղբյուրները, վկայակոչելով երկրի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեին, հաղորդել էին, թե Սերժ Սարգսյանը Թբիլիսի է այցելելու նոյեմբերի սկզբին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, հայտարարել էր, որ նոյեմբերի առաջին կեսին երկրի նախագահի որեւէ արտասահմանյան այց նախատեսված չէ: Դա առիթ տվեց Հայաստանի նախագահի այցը չեղյալ հայտարարելու մասին ենթադրությունների։ Մասնավորապես, որպես դրա հնարավոր պատճառ` նշվում էր Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արած այն հայտարարությունը, թե Վրաստանն ընդամենը մի քանի ժամում կարող էր լուծել սողանքի հետեւանքների վերացման խնդիրը: