Ռուսական «Forbes» ամսագիրը հրապարակել է համաշխարհային հանրությանն ինտեգրված եւ Ռուսաստանի սահմաններից դուրս հաջողության հասած գործարարների, մշակույթի եւ սպորտի գործիչների վարկանշային աղյուսակը: Այնտեղ հայտնված բոլոր անձինք բաժանված են հինգ խմբի. արտասահմանում գործունեություն ծավալող ռուս ներդրողներ, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի սահմաններից դուրս զրոյից բիզնես կառուցած ձեռնարկատերեր, հայտնի ռուս գիտնականներ, ամենահայտնի եւ ամենաբարձր վարձատրվող դերասաններ, երաժիշտներ, պրոդյուսերներ, ինչպես նաեւ` սպորտսմեններ:
Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաեւ հայազգի մի քանի ներկայացուցիչներ: Ռուսաստանի սահմաններից դուրս զրոյից բիզնես հիմնած գործարարների տասնյակում հայտնվել են հայազգի Անդրեյ Անդրեեւը (Օհանջանյան) եւ հայկական արմատներ ունեցող Դավիդ Յանը: Այս ցանկում է նաեւ Արտեմ Օհանովը, ով, ըստ «Forbes»-ի` «ռուսական» ծագմամբ աշխարհահռչակ գիտնականների տասնյակում է: Պարբերականի տվյալներով` 37-ամյա Անդրեյ Անդրեեւի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար: Նրա հարստության աղբյուրը սոցիալական ցանցերն են: Անդրեեւն իր գործունեությունը սկսել է 1999թ.` համակարգիչների վաճառքով զբաղվող «Վիրուս» ընկերության ստեղծմամբ: Այնուհետեւ զբաղվել է ինտերնետ-նախագծերի մշակմամբ, որոնք շատ արագ ճանաչում են ձեռք բերել օգտատերերի շրջանում եւ առաջացրել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետաքրքրությունը:
1999թ. Անդրեեւը ստեղծել է SpyLog վեբ-վերլուծության ծառայությունը, իսկ 3 տարի անց թողարկել է ինտերնետում կոնտեքստային գովազդի տեղադրման «Begun» համակարգը: «Forbes»-ը նշում է, որ 2003թ. վերջին «Begun»-ի բաժնետոմսերի 80%-ը 900.000 դոլարով գնել է «Ֆինամ» հոլդինգը, իսկ հետագայում արդեն Անդրեեւը «Ֆինամի» հետ համատեղ` ստեղծել է հայտնի ծանոթությունների «Մամբա» կայքը: Անդրեեւն այնուհետեւ ծանոթությունների նոր ցանց է թողարկել` «Badoo»-ն, որն այժմ 130 մլն օգտատեր ունի: «Forbes»-ը «Badoo»-ի գինը, որի բաժնետոմսերի 80%-ը Անդրեեւին է պատկանում, մոտ 1 միլիարդ դոլար է գնահատում:
Վարկանշային աղյուսակում հայտնված Դավիդ Յանը ծնվել է 1968թ., Երեւանում: Նրա հայրը չինացի է, մայրը` հայ: Դեռեւս ուսանող տարիներին (Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ)` 1989թ. նա հիմնադրել է իր առաջին` «Bit Software» ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է ABBYY: Այսօր արդեն տեքստերի ճանաչման ABBYY FineReader համակարգը եւ ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանները հայտնի են աշխարհի բոլոր երկրներում, որոնցից օրինական 30 մլն մարդ է օգտվում աշխարհի 130 երկրում: «Forbes»-ը Յանի կապիտալը գնահատել է 200 մլն դոլար: Ի դեպ, Դավիդ Յանը նաեւ Հայաստանում գործող «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրն է:
Իսկ հայազգի Արտեմ Օհանովը, դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, այնուհետեւ ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ասպիրանտուրա, իսկ դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Ցյուրիխի տեխնիկական համալսարանում: Դրանից հետո Օհանովը Նյու Յորքի համալսարանում սեփական լաբորատորիան ստեղծելու առաջարկ է ստացել: Նա դարձել է այդ համալասարանի ամենաերիտասարդ (34 տարեկանում) պրոֆեսորը: Նա մասնագիտացել է բյուրեղագիտության ոլորտում: Օհանովը համարվում է քիմիական բանաձեւով բյուրեղների կառուցվածքի կանխատեսման ալգորիթմի հիմնադիր: Նա տեսականորեն կանխատեսել է մագնեզիումի սիլիկատի բյուրեղի կառուցվածքն ավելի քան 2500 կմ խորության վրա` այդպիսով բացատրելով սեյսմիկ անոմալիան, որը վաղուց հայտնի էր, սակայն խելամիտ բացատրություն չէր ստացել: