«Պետք է գործել ավելի դաժան»

08/11/2011

Ռուսական «Forbes» պարբերականը «Բիզնեսի սկզբունքները» խորագրի ներքո ներկայացրել է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի` տարբեր ժամանակներում տարբեր պարբերականներում հրապարակված մտորումները կապիտալիզմի, կապիտալիստների եւ պատրանքների մասին:

– Ճգնաժամը ցույց տվեց, որ մեր երկրում կան շատ մարդիկ, ովքեր իրենց գործարար եւ կապիտալիստ էին համարում, բայց, միեւնույն ժամանակ, շատ լավ ազգայնացնում են վնասները եւ անբարեխղճորեն շահույթ ստանում: Ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ նրանք նման են այն «ցեխավիկներին», ովքեր խորհրդային ժամանակաշրջանում ապրանքներ էին արտադրում գործարանների «ձախ արտադրամասում»: Նրանք եւս իրենց հանճարեղ կապիտալիստներ էին համարում եւ սպասում էին, որ հենց սկսվի շուկայական տնտեսությունը, իրենք կշահեն, քանի որ արդեն այդ ժամանակ շուկայական գործարքներով էին զբաղվում: Հետո ողջ համակարգը փլուզվեց, եւ պարզ դարձավ, որ այդ տղերքն իրականում ոչ թե կապիտալիզմից են, այլ շատ հետաքրքիր մի համակարգից, որտեղ բոլոր ծախսերն ու ինքնարժեքը պետության վրա էին ընկած, իսկ շահույթը նրանց էր մնում:

– Ես կարծում եմ, որ մենք մի աշխարհում ենք ապրում, որտեղ շատ որոշումներ ընդունվում են ոչ թե տնտեսական նպատակահարմարության եւ բիզնեսի զարգացման նկատառումներից ելնելով, այլեւ բաժնետերերի առանձին խմբի հարստացման շահերից ելնելով:

– Բավական երկար ժամանակ ես պատրանքներ ունեի, որ մեզ մոտ ամեն ճիշտ չէ, իսկ այնտեղ` Արեւմուտքում` ամեն ինչ ճիշտ է, եւ ահա ես գործելու եմ միջազգային չափանիշներով: Երբ դու հասկանում ես, որ այնտեղ եւս բավական շատ երկակի չափանիշներ եւ բավական շատ գարշելի երեւույթներ կան, ստացվում է, որ շատ քայլեր, որոնք ես տեսականորեն ճիշտ էի արել, օգտակար չէին, քանի որ պարզվեց, որ պետք է գործել ավելի դաժան եւ պահին ավելի շատ կառչած: Շատ ճիշտ լինել եւս պետք չէ:

– Շուկայական բարեփոխումներից անցել է 20 տարի, սակայն համընդհանուր ատելությունը մասնավոր բիզնեսի, մասնավոր սեփականության հանդեպ մնացել է: Երկրում, որտեղ տասնամյակներ շարունակ ոչնչացվում էր ցանկացած անհատականություն, չէր ողջունվում օրիգինալությունը, որտեղ Ստալինը չէր դատապարտվում, որտեղ պետության կեսը նստած էր, կեսը «հսկում էր», եւ դա արդարացվում էր այն մեծ նպատակով, թե «մենք տիեզերք ենք թռչել», նման երկրում դժվար է ճիշտ բաներ անելը եւ, ընդհանրապես, ինչ-որ բան կառուցելը տեսանելի հեռանկարում:

– Ռիսկն առկա է միշտ, ոչ ռիսկային ներդրումները պատրանքներ են: Ամեն անգամ, երբ մենք հաշվում ենք ռիսկերը, պարզվում է, որ դրանք որեւէ առնչություն չունեն իրականության հետ: Նախկինում համարվում էր, որ AAA ներդրումային վարկանիշը հուսալի է, իսկ «կեղտոտ» արժեթղթերը` ոչ: Իսկ հիմա նույն այդ AAA-ի պատճառով մարդիկ ավելի շատ գումար կորցրեցին, քան «կեղտոտ» արժեթղթերի վրա:

– Եթե մարդ չի կարողանում որեւէ մեկին համոզել` ոչ իր ընկերներին, ոչ հարազատներին, ոչ էլ բանկին, որ իրեն կարելի է պարտքով փող տալ, ապա նա ձեռնարկատեր չի լինի:

– Կապիտալիզմը մեծ արմատական խնդիր է: Երբ փողը հաջողության ունիվերսալ չափորոշիչ է համարվում, համակարգն անկատար է դառնում, եւ շատ բաներ են տուժում: Տուժում են հատկապես բարոյականության տեսանկյունից:

– Մինչ աշխարհում փողը հաջողության գլխավոր չափորոշիչն է համարվում, եւ շատերն ապրում են «չեմ բռնվել, գող չեմ» սկզբունքով, ժամանակակից զարգացած կապիտալիզմն այդ սկզբունքին չի համապատասխանում: Դժբախտաբար, պետք է խոստովանել, որ մենք լրջորեն հեռացել ենք Ադամ Սմիթի հիմնարար օրենքներից: Օրինակ, ինձ համալսարանում սովորեցրել են, որ հանրային են դառնում միայն այն ընկերությունները, որոնց զարգացման համար գումարը չի բավականացնում: Հարց է առաջանում` ինչո՞ւ է աուդիտորական ընկերությունը ցանկանում հանրային դառնալ: Ո՞րն է տնտեսական իմաստը. նրանց մեծ կապիտալ պետք չէ: Այժմ աուդիտորը, նույնիսկ բաժնետերը հեշտությամբ կարող է «մի ընկերությունից մյուսն անցնել», իսկ անձնական պատասխանատվությունը նվազագույնի է հասցված: Մեկ այլ օրինակ, ֆոնդային բորսաները. նրանց ինչի՞ն է պետք հանրային ընկերության կարգավիճակը: Այստեղ եւս առաջանում է շահերի կոնֆլիկտ. երբ բորսան դառնում է հանրային ընկերություն, այն սկսում է ավելի շատ զբաղվել իր բաժնետերերի, այլ ոչ հաճախորդների շահերով:

– Մարդը պետք է հավատա սեփական ուժերին, հավատա, որ կյանքում ամեն ինչ կախված է ավելի շատ իրենից, քան արտաքին հանգամանքներից: Իհարկե, գոյություն ունեն արտակարգ իրավիճակներ, ֆորս-մաժորներ, որոնք երբեմն սարսափելի ողբերգությունների են հանգեցնում: Բայց եթե նման բան տեղի չի ունենում, ապա մնացած ամեն ինչ կախված է քեզանից, քո հանդեպ, քո շրջապատի, մարդկանց հանդեպ քո հավատից: