Նախօրեին ՄԱԿ-ը հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքսի 2011 թվականի զեկույցը», որում նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով` զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը 187 երկրների թվում: Եվ չնայած, զեկույցի հեղինակների կողմից կատարված դասակարգման համաձայն (երկրները դասակարգված են 4` մարդկային զարգացման շատ բարձր, բարձր, միջին եւ ցածր մակարդակ ունեցող երկրների խմբերի)` Հայաստանն ընդգրկվել է զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում, այդուհանդերձ, ընդամենը մեկ տարվա կտրվածքով 10 կետով նահանջը, մեղմ ասած, մտահոգիչ է: Զեկույցը կազմվում է մարդկային զարգացման մի քանի հիմնական ցուցանիշների համադրմամբ, որոնց թվում են տնտեսական վիճակը, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, ժողովրդագրական ցուցանիշները, կրթական եւ առողջապահական համակարգերի գնահատականը, եւ այլն: Զեկույցի համաձայն, կյանքի միջին տեւողությունը 74, 2 տարի է, մեկ շնչին ընկնող եկամուտը` 5 հազար 188 դոլար, իսկ կրթության միջին տեւողությունը` 10,8 տարի:
Մեր հարեւաններից առաջատարը, ինչպես եւ կարելի էր սպասել, Վրաստանն է, որը զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը. կյանքի միջին տեւողությունը 73,7 տարի է, մեկ շնչի եկամուտը` 4 հազար 780 դոլար, կրթության միջին տեւողությունը` 12,1 տարի: Ադրբեջանը զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը, կյանքի միջին տեւողությունը 70,7 տարի է, մեկ շնչին ընկնող եկամուտը` 8 հազար 666 դոլար, կրթության միջին տեւողությունը` 11,8 տարի: Իրականում այս ցուցանիշների զուտ անվանական արժեքները` թվային արտահայտությամբ, թերեւս, երկրորդական են, քանի որ ՄԱԿ-ի կողմից արձանագրված Հայաստանի հետընթացը «մարդկային զարգացման» առումով իրականում արտահայտում է այն վիճակը, որում այսօր ապրում է Հայաստանը: Արտագաղթի ահագնացող տեմպերը դրա լավագույն վկայությունն են: ՄԱԿ-ը երեւի նույնիսկ «կողմնապահություն» է արել: