Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2012թ. բյուջեի նախագծի քննարկումները պատգամավորների կողմից կարծես անտեսված լինեն: Այդ քննարկումներին լավագույն դեպքում 5-6 պատգամավոր է մասնակցում: Երեկ կրթության եւ գիտության հատկացումների վերաբերյալ քննարկման ժամանակ ընդամենը 3-4 պատգամավոր էր նստած: Ավելին` նկատելի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրեթե չի մասնակցում այդ լսումներին: ԱԺ-ում խոսում են, թե ԲՀԿ-ն բոյկոտում է բյուջեի քննարկումները: Այդ դահլիճը հնարավոր է լինում մասամբ «լցնել» միայն հանձնաժողովների կամ խմբակցությունների աշխատակցուհիներով եւ տպավորություն ստեղծել, թե սրահը լիքն է: Նույնիսկ նախարարները կամ այլ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ոլորտների քննարկումների ժամանակ փորձում են «նմուշի» համար մի երկու պատգամավոր «բերման ենթարկել» եւ տպավորություն ստեղծել, թե քննարկում է ընթանում: Նախկինում կոալիցիոն խմբակցությունները, հատկապես` իշխող ՀՀԿ-ն, յուրաքանչյուր քննարկմանը բազմաթիվ պատգամավորներ էր «ուղարկում» այդ դահլիճ: Այս անգամ կարծես ՀՀԿ-ն էլ բոյկոտում է կառավարության ներկայացրած բյուջեն: Միգուցե պատճառը վերջին շրջանում տեղի ունեցած աղմկոտ հրաժարականներն են, եւ պատգամավորները զբաղված են դրանք քննարկելով: Կարծիք կա նաեւ, որ Հ.Աբրահամյանն իր հրաժարականը հայտարարելուց հետո անտարբերության է մատնել երկրի թիվ մեկ տնտեսական օրենքի քննարկումները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի տարբերություն նախկինի, նույնպես չի հսկում, որ քննարկումը ապահովված լինի գոնե մի քանի պատգամավորով: Իսկ այս տարվա բյուջեի քաղաքական նշանակությունը բավականին մեծ է` այն նախընտրական է: Բացի այդ, կարծիք կա, որ վերջին պահին ԲՀԿ-ն կարող է անակնկալ մատուցել կոալիցիոն գործընկերներին ու բյուջեին դեմ քվեարկել: Կա նաեւ հակառակ կարծիքը, թե օրեր առաջ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ վերստին սրված լարվածությունը կարող է հանգուցալուծվել բյուջեի ընդունումից հետո: Այսինքն` ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կհանի կոալիցիայից այդ խմբակցության օգնությամբ բյուջեն ընդունել տալուց հետո: Կարճ ասած, 2012-ի բյուջեի քվեարկությունը կարող է դառնալ կոալիցիայի փլուզման սկիզբը: Ինչեւէ: Երեկ փորձեցինք մի քանի պատգամավորներից պարզել, թե ինչու է բյուջեն արժանացել իրենց անտարբերությանը, կամ ինչպես են մեկնաբանում վերջին հրաժարականները:
Գագիկ Մինասյան. ՀՀԿ
– Բյուջեի քննարկմանը շատ քիչ պատգամավորներ են մասնակցում, կարծես թե լուրջ չեն վերաբերվում:
– Դուք ինձ վիրավորում եք:
– ԲՀԿ-ն չի մասնակցում բյուջեի քննարկմանը:
– Մասնակցում է: Բոստանջյանը այստեղ չէ՞ր:
– Կարծիք կա, որ բյուջեն ընդունելուց հետո կոալիցիան կպառակտվի:
– Ով այդ անհիմն կարծիքը տարածում է, նրան էլ հարցրու: Իմ կարծիքը հակառակն է:
– Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն բյուջեին դեմ քվեարկի:
– Բացառում եմ:
– Կարծիք կա, որ Միքայել Մինասյանից բացի, հրաժարական տված մյուս պաշտոնյաներն ինչ-որ առնչություն են ունեցել ԲՀԿ-ի կամ Ռ.Քոչարյանի հետ: Այդ պատճառով էլ նրանք պաշտոնանկ են արվում:
– Հիմարություն, հի-մա-րու-թյուն:
– Իսկ մինչեւ ընտրությունները կոալիցիան մնալո՞ւ է այս կազմով:
– Այո, այո: ԺՈ: Yes:
Վարդան Բոստանջյան. ԲՀԿ
– Ինչո՞ւ ԲՀԿ-ն նախորդ տարիների նման ակտիվորեն չի մասնակցում բյուջեի նախագծի նախնական քննարկմանը:
– Ո՞վ ասաց, ես նոր եկա այնտեղից: Բացի երեկվա նիստից, որից ես հարգելի պատճառով բացակայել եմ, չի եղել, որ չմասնակցենք:
– Խոսակցություններ կան, որ ներկոալիցիոն լարվածության արդյունքում ԲՀԿ-ն բոյկոտում է բյուջետային քննարկումները:
– Դրանք սին են եւ ունայն: Մարդիկ, ովքեր պետք է մասնակցեին, մասնակցում են: Այս պահին տարբեր գործեր են ծագել, եվրոկառույցներից մենք հյուրեր ունեինք, եւ մեր ահագին պատգամավորներ զբաղված էին:
– Քաղաքական շրջանակներում նաեւ չեն բացառում, որ ԲՀԿ-ն կարող է բյուջեին դեմ քվեարկել:
– Այս պահի դրությամբ` դա ֆանտազիա է: Որեւէ հիմք կամ հեռանկար չկա, որ դեմ քվեարկենք: Բայց ինչո՞ւ պիտի դեմ քվեարկենք: Գոնե ես այս պահին դրա մասին չգիտեմ:
– Ոմանք չեն բացառում նաեւ, որ բյուջեի ընդունումից հետո արդեն ԲՀԿ-ին կարող են ստիպել դուրս գալ կոալիցիայից:
– Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջանում ամենատարբեր ուժեր ու գործիչներ հակված լինեն խառնել քաղաքական պրոցեսը եւ ստեղծել գոյություն չունեցող իրավիճակներ:
– Բայց այդ լարվածությունը նաեւ արտաքուստ է նկատելի:
– Մեր կուսակցության առաջնորդն իր մեկնաբանությունների մեջ հստակ նշեց այն բոլոր երեւույթները, որոնք գոյություն ունեն նախընտրական փուլում: Եվ ես իմաստ չեմ տեսնում կրկնել այդ ամենը:
– Այսինքն` մինչեւ առաջիկա ընտրությունները ԲՀԿ-ն հավատարի՞մ է մնալու կոալիցիոն հուշագրի տառին ու ոգուն:
– Ուզում եք տառին, թե ոգուն, ես ասում եմ, որ մեր կուսակցության նախագահն ասել է, որ մենք ստորագրել ենք հուշագիր եւ առաջնորդվում ենք դրա բոլոր կետերով ու սկզբունքներով:
– Մինչեւ ընտրությունները կոալիցիան այս կազմո՞վ կպահպանվի, թե՞ ԲՀԿ-ն կարող է ինչ-որ պահի դուրս գալ կոալիցիայից:
– Դուք ուզում էիք, որ չմնա՞: Ես ասում եմ` կմնա:
– Կարծիք կա, որ վերջին հրաժարականները մեծամասամբ ուղղված էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:
– Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր նախընտրական պրոցեսներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կատարում է համապատասխան վերադասավորումներ:
Գալուստ Սահակյան. ՀՀԿ խմբակցության ղեկավար
– Ի՞նչ նպատակներ են հետապնդում վերջին հրաժարականները կամ պաշտոնանկությունները:
– Կարծեք թե լրատվությունը սենսացիաների փնտրտուքի մեջ է:
– Բայց այդքան բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը իսկապես սենսացիա է:
– Աշխատանքային գործընթացներ են: Առաջիկայում ընտրություններ են, քաղաքական թիմը փորձում է իր ռազմավարությունը մշակել:
– Ու այսքան շո՞ւտ շտաբի պետ եւ պետի տեղակալ նշանակել:
– Ես զարմանում եմ, որ «շուտ» եք ասում: Սովորաբար` ընտրություններն անցան, հաջորդ օրվանից հաջորդ ընտրությունների համար ենք նախապատրաստվում: Մեր շտաբները երբեւիցե չեն փակվել:
– Տեսակետ կա, որ այդ հրաժարականներն ուղղված են Ռ.Քոչարյանի դիրքերը թուլացնելուն:
– ՀՀԿ ամբողջ թիմը սատարել է երկրորդ նախագահին, մենք իրար հետ փորձությունների ճանապարհ ենք անցել: Երբ մենք ասում ենք, թե մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, չի նշանակում, թե ինչ-որ մեկին անտեսում ենք: 10 տարի առաջ էլ մեր թեկնածուն Ռ.Քոչարյանն էր:
– Կարծիք կա, թե Միքայել Մինասյանին շտաբի պետի տեղակալ նշանակելով` Ս.Սարգսյանը ցանկանում է վերահսկել Հ.Աբրահամյանի գործունեությունը, որ նա չփորձի ԲՀԿ-ամետ որեւէ քայլեր անել:
– Նախ` շտաբի պետը մի քանի տեղակալներ է ունենում: 2003-ին ես էի մեր շտաբի պետը, այնտեղ վերահսկելու բան չկա, դա թիմային գործողություն է, որը համակարգում է շտաբի պետն` իր աշխատակազմով: Թաքուն ի՞նչ պիտի անի, պիտի մարդկանց կանչի, ասի` մեզ մի ընտրեք, ուրիշի՞ն ընտրեք:
– Այս բյուջեի քննարկմանը նկատելիորեն քիչ պատգամավորներ են մասնակցում, ԲՀԿ-ն էլ կարծես թե բոյկոտել է:
– Այդ բյուջեն ամիսներ շարունակ այնքան է մեզանում քննարկվել, որ պատգամավորները հիմա գալիս են պարզապես հետաքրքրության համար: Դա մեր բերած բյուջեն է, մեզ համար այն մինչեւ բերելը ավարտուն տեսքի է եղել:
– Բացառո՞ւմ եք, որ այս բյուջեն ընդունելու համար խնդիրներ առաջանան` ԲՀԿ-ն որոշի չքվեարկել:
– 2000-ից սկսած խմբակցության ղեկավար եմ, եւ երբեւէ նման խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել: ԲՀԿ-ն էլ կողմ կքվեարկի, որովհետեւ դա ՀՀԿ-ի բյուջեն չի, դա կոալիցիոն կառավարության բյուջեն է:
– Կա նաեւ հակառակ տեսակետը, թե ՀՀԿ-ն սպասում է, որ ԲՀԿ-ն բյուջեին կողմ քվեարկի, հետո նրան կոալիցիայից կհանի:
– Ես սպասում եմ, որ այդ խոսակցություններն իրենց ավարտին հասնեն, տեսնենք, թե լրագրողական դաշտն ինչ նոր խնդիր է առաջ քաշելու ու հետո փորձի դրանք լուծել:
– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` մինչեւ ընտրությունները կոալիցիան այս կազմով մնալո՞ւ է, թե՞ ԲՀԿ-ն դուրս կգա:
– Անընդհատ վատ բաների մասին եք մտածում, առաջնորդվեք փետրվարի 17-ի մեր արձանագրությամբ: Կարծում եմ, որ մենք համագործակցելով` գնալու ենք ընտրությունների:
– ԱԺ նախագահի թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Դուք նման առաջարկ ստացե՞լ եք, կամ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ունե՞ք:
– Նախ` ԱԺ-ն դեռ նախագահ ունի, եւ կոռեկտ չեն նման քննարկումները: Մեզանում այդ հարցը չի քննարկվել: Իսկ երբ ԱԺ նախագահը հրաժարական տա, նախ` սկզբունքները կորոշվեն, թե ինչպիսի նախագահ ենք ցանկանում ունենալ: Հենց սկզբունքը որոշվեց, մեր մեջ անմիջապես կգտնենք դերակատարը: Ես, օրինակ, գտնում եմ, որ ԱԺ-ի համար ամենաբարդ ժամանակաշրջանն է, երբ արդեն վերջանում է ժամկետը: Հիմա պետք է որոշել, թե խորհրդարանը քաղաքական պրոցեսներում ինչ դերակատարում պետք է ունենա: Վերջացնելո՞ւ ենք որդեգրած բարեփոխումների ծրագրերը: ԱԺ-ն այս բոլոր նպատակները պիտի կարողանա իրագործե՞լ, թե՞ մտածում ենք, որ մի քանի ամիս է մնացել, եւ ԱԺ-ի գործունեությունը խմբակցությունները կիրագործեն: Այս դեպքում անհրաժեշտ է լինելու ընդամենը նի՞ստ վարող: Եթե ԱԺ-ն պիտի մեծ դերակատարում ունենա, հատկապես կայունության գործընթացներ կազմակերպել եւ այլն, սա այլ արժեւորում է: Ես վախեցած եմ այդ ծանրակշիռ աշխատանքից, որովհետեւ ԱԺ նախագահը շատ բազմաբովանդակ է: Ես այդ անձերից մեկն եմ, որ, երբ չորրորդ անգամ էի ընտրվում խմբակցության ղեկավար, մի քանի գիշեր չէի քնում, մտածելով` կկարողանա՞մ կատարել:
Արմեն Ռուստամյան. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այսքան պաշտոնյաներ հրաժարական տալիս:
– Երբ որոշ հրաժարականների դեպքում պատճառաբանություններ չեղան, հասկանալի էր, որ ետնաբեմում տեղի են ունենում լուրջ գործընթացներ: Չի կարելի հասարակությանը արհամարհել եւ բացատրություն չտալ յուրաքանչյուր նման տեղաշարժի դեպքում` ոստիկանապետ, քաղաքապետ եւ այլն: Քաղաքակիրթ երկրներում ներկայացվում են պատճառները, եւ դա ժողովրդին հաշվետու լինելու պարտավորությունն է, որն այս երկրում խախտված է: Հետագա բացատրությունների մեջ արդեն հասկանալի դարձավ, որ դա կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Խնդիր ունեն իշխանությունների վերարտադրությունը դարձնել հնարավորինս հեզասահ, եւ փոխատեղումների նպատակը դա է: Իսկ ԱԺ նախագահի հայտարարությունից պարզ դարձավ, որ մեր երկրում ավելի կարեւոր է ՀՀԿ-ի շտաբի պետի, քան Սահմանադրությամբ երկրորդ` ԱԺ նախագահի պաշտոնը: Եվ դա ասվում է այն պարագայում, երբ մենք քաղաքակիրթ երկրների շարքին ենք ուզում դասվել: Այսօր դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ խորհրդարանի ղեկավարի պաշտոնն այդքան անկարեւոր համարվի: Պարզվում է, որ մեր երկրում երկրորդ պաշտոնը ՀՀԿ-ի շտաբի պետն է: Սա հստակ ցույց է տալիս, թե մեր երկրում իշխանական համակարգը կլանաօլիգարխիկ համակարգ է, որն այսօր իր հին ռեսուրսներն ամրապնդելու խնդիր ունի, որովհետեւ այլ ռեսուրս ձեռք չի բերել: Չստեղծեցին այն, ինչ հարիր է ժողովրդավարական երկրներին: