ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ անդրադառնալով վերջին օրերին իրար հաջորդող բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին` ասել է, թե ՀՀ իշխանություններն ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու լուրջ պարտավորություններ են վերցրել միջազգային կառույցների առաջ, սակայն դժվար է հավատալ, որ երկիրը նման կերպ կառավարած իշխանությունները ժողովրդավարական մեթոդներով կարող են քվեներ ապահովել: Նրա կարծիքով` այդկերպ Ս. Սարգսյանը փորձում է իր թիմը մոնոլիտ դարձնել: «Կա ներքին անվստահություն, որ ընտրական շրջանում շտաբը կարող է լավ չաշխատել, այդ պատճառով նրա փեսա Միքայել Մինասյանի տեղափոխությունը շտաբ` որպես Հովիկ Աբրահամյանի տեղակալ, վերահսկողական նպատակներ է հետապնդում»,- ասել է նա: Ս. Սաֆարյանի համոզմամբ` ԱԺ-ն Հովիկ Աբրահամյանի նախագահության ժամանակ երբեմն կենդանության ու ինքնուրույնության նշաններ էր ցույց տալիս, այդ պատճառով է, որ Հ. Աբրահամյանի նկատմամբ կարող է լիակատար վստահություն չլինել: Նրա խոսքով` ԱԺ-ն նախընտրական վերջին ամիսներին պետք է հնազանդ լինի ՀՀ կառավարությանը եւ որեւէ օրինագիծ, որն ԱԺ կներկայացվի ՀՀ կառավարության կողմից, չպետք է հետ վերադարձնի: Այս առումով, ըստ Ս. Սաֆարյանի` ԱԺ նախագահի բոլոր երեք հավանական թեկնածուները` Դավիթ Հարությունյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը` լիովին բավարարում են այդ պահանջներին: Ս. Սաֆարյանի կարծիքով` այս հրաժարականների հիմնական նպատակը ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող որոշ տարաձայնություններն էին, որոնք կարող էին օգտագործվել երրորդ ուժի կողմից: Նրա համոզմամբ` եթե չլինեին այս պաշտոնանկությունները, ապա բացառված չէր, որ որոշակի սցենարի իրագործման դեպքում որոշ ՀՀԿ-ականներ հայտնվեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում, ինչը «շատ էր անհանգստացնում Սերժ Սարգսյանին»: «Սարգսյանը լուրջ ուղերձ հղեց այն բոլոր ուժերին, որոնք կարող էին փոխել ճամբարը, եւ ցույց տվեց, թե ինչ կարող է լինել այդ մարդկանց հետ»,- ասել էՍաֆարյանը` հավելելով, թե այս ամբողջ գործընթացը վկայում է, որ ամեն ինչ կատարվում է մեկ մարդու որոշմամբ եւ հաճախ` հակասահմանադրական ձեւով: