«Անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներառել Կովկասի հայտնի մարդկանց ու հոգեւոր առաջնորդներին,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան` նշելով,- Խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Մենք պետք է այս գործընթացում ներառենք Կովկասի հայտնի անձանց ու հոգեւոր առաջնորդներին: Հոգեւոր առաջնորդները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Ալլահշուքյուր Փաշազադեն (Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար) եւ Կովկասի մյուս հոգեւոր առաջնորդները, քաղաքական գործիչներին հավասար, մեծ հեղինակություն են վայելում: Փաշազադեի հայկական այցը կարող է դրականորեն ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եւ մենք պետք է օգտվենք դրանից»: Հիշեցնենք, որ Փաշազադեն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել իր հայաստանյան այցի կապակցությամբ. Երեւանում նոյեմբերի 29-30-ը կայանալու է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջերին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն էր հայտարարել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները պետք է գործուն դեր խաղան շփման գծում լարվածության նվազեցման հարցում: