Համատեղ առաջարկներ են ներկայացրել

05/11/2011

ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները` ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացման նպատակով, Ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ են ներկայացրել: News.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ գրասենյակից փոխանցել են իրենց ներկայացրած առաջարկներից մի քանիսը: Դրանք են` 1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ, 2. Փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, 3. Բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով. 3.1. Քվեարկության մատյանների (քվեարկածների ստորագրություններով) հրապարակում (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները), 3.2. Քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում, 3.3. Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր ընտրողի անձնագրի սկանավորման եւ արխիվացման իրականացում: 4. Քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի զարգացման նպատակով. 4.1. Ներդնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք հաշվարկում են եւ հնարավորություն են տալիս ցանկացած պահի իմանալ քվետուփում առկա ծրարների (քվեարկության մասնակիցների) թիվը, 4.2. Փոփոխել քվեածրարների հաշվարկման կարգն ու հերթականությունը: 5. Նախընտրական քարոզչության սահմանման, հասանելիության եւ հավասարության ապահովման նպատակով. 5.1. Օրենքով ամրագրել, որ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակի իր մոնիտորինգի եւ վերհսկողության մեթոդիկան (ԵԱՀԿ-ի նման, թե ինչպես է գնահատում անկողմնակալությունը), 5.2. Սահմանել նախընտրական քարոզչություն հասկացությունը, 5.3. Սահմանել, որ նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6-ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առեւտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը: 6. Թաքնված ընտրակաշառքների բացառման նպատակով օրենսդրորեն կարգավորել «բարեգործական» հիմնադրամների եւ կուսակցությունների գործունեությունը նախընտրական եւ ընտրական փուլերում: 7. Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրենսդրորեն արգելել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից պետական գույքի, ինչպես նաեւ` պետական դիրքի օգտագործումը քարոզչական հնարավորությունների ընդլայնման համար: