«Աղմուկը պայմանավորված է «Արմֆուդ» ապրանքանիշով»,- ասում է «Էյ-Էս-Սոֆթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը

05/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մի քանի օր առաջ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տարածել էր մի հաղորդագրություն, որում նշվել էր «Էյ-Էս-Սոֆթ» ՍՊԸ-ի «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթի մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի խմբի մանրէների եւ ստաֆիլոկոկի բակտերիաների մասին: «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրսբերումը, ծառայությունը կոչով դիմում է ազգաբնակչությանը` լինել աչալուրջ եւ զերծ մնալ «Արմֆուդ» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից»,- ասված էր հաղորդագրության մեջ, որում միաժամանակ հիշեցվում էր, որ ժամանակին բուժական օգնության չդիմելու դեպքում աղիքային ցուպիկի խմբի մանրէները եւ ստաֆիլոկոկի բակտերիաները կարող են վտանգ ներկայացնել մարդու կյանքի համար: «Էյ-Էս-Սոֆթ» ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սողոմոնյանի խոսքով` ինքը որեւէ բացատրություն չունի կատարվածի մասին, քանի որ հայտնաբերված ստաֆիլոկոկի բակտերիաներն անհետանում են պաստերիզացման ժամանակ: «Ես այսօր հանդիպել եմ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հետ: Նրա հետ նորմալ զրույց ենք ունեցել: Ես ուղղակի ասել եմ, որ եթե հայտնաբերել են, ապա թող օգնեն, տեսնենք` դա որտեղից է հայտնաբերվել: Իրենք պատասխանեցին, որ կգան-կնայեն, կասեն` ինչ պետք է անել: Ես ուղղակի զարմացել եմ, որ ստաֆիլոկոկի հարցով մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ ցանկացած կաթ տանում են տուն եւ 75-76 աստիճան տաքացնում են: Այդ դեպքում ստաֆիլոկոկը պետք է վերանա,- ասաց ընկերության տնօրենը` շարունակելով,- Մի քանի պատճառներ կան, եւ մտածում եմ, թե որտեղից կարող են լինել: Քանի որ Հրազդանում ջրի խողովակները փոխում են, եւ իրականացվում է շինարարական ծրագիր, հնարավոր է` ջրից էլ լինի, բայց դարձյալ չեմ պատկերացնում, թե ի՞նչն է պատճառը»: Բ. Սողոմոնյանի փոխանցմամբ` ինքը չի հերքում կաթի մեջ հայտնաբերված ստաֆիլոկոկի առկայությունը, քանի որ դա սովորաբար լինում է կաթի մեջ, բայց կարծում է, որ աղմուկի բուն պատճառը պայմանավորված է «Արմֆուդ» ապրանքանիշով, եւ շատերին է հետաքրքրում նշյալ ապրանքանիշի գրանցված լինելու հանգամանքը: «Եթե ուզում էին պարզել` գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, կարող էին դիմել համապատասխան կազմակերպություն, եւ կստանային պատասխանը»: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ աղմուկի պատճառը ընկերության ապրանքանիշը հեղինակազրկելն է, տնօրենը պատասխանեց. «20 տարվա անկախ Հայաստանում նման բան չի եղել: Հայտարարել են, թե կաթի մեջ հայտնաբերել էին սոդա, բայց երբեք չեն ասել, թե որ ընկերությանն էր պատկանում: Հայտարարում են, թե հյութերի մեջ ջուրը շատ ա, բայց դարձյալ չեն նշում ընկերության անուն: Իսկ Սննդամթերքի անվտանգության ծառայությունն այդ աղմուկը բացատրեց հետեւյալ կերպ, թե այդ կաթը տալիս են նաեւ երեխաներին: Դա իրենց գործն է, կարող է` ճիշտ են արել»: Սողոմոնյանի խոսքով` իրենց ապրանքատեսակը շատ փոքր տոկոս է կազմում կաթնամթերքի շուկայում, հետեւաբար, մրցակից էլ չեն կարող լինել: Ըստ Բ. Սողոմոնյանի` իրենք տեղեկատվություն են ստացել, թե իրենց ապրանքատեսակի կաթից գրանցվել է թունավորման դեպք, այնինչ հետո պարզել էին, որ նման բան չէր եղել: Տնօրենի հավաստմամբ` ինքը նույնիսկ փորձել է անձամբ խոսել կաթից, այսպես ասած` տուժած քաղաքացու հետ, եւ այդպես էլ չի հաջողվել: «Չկա այդ տուժողը, ո՞նց խոսեմ: Ծառայությունն այսպես է բացատրում, որ իրենք բողոք են ստացել, որի հիման վրա փորձաքննության են ենթարկել կաթը: Թե ո՞վ է բողոքել, ես չգիտեմ»,- ավելացրեց նա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանն էլ նշեց, թե իրենք բողոքը ստացել են հոկտեմբերի 28-ին, որի հիման վրա նշյալ ապրանքատեսակի կաթը լաբորատոր փորձաքննության են ենթարկել: «Լաբորատոր փորձաքննություն ստանալով` անմիջապես կասեցրեցինք դրա վաճառքը: Աղիքային ցուպիկի խմբի մանրէների եւ ստաֆիլոկոկի բակտերիաների որոշակի չափաբաժին կա, որ թույլատրելի է, բայց կոնկրետ այս դեպքում այդ նորմը գերազանցում է 50 անգամ, որը միանշանակ թույլատրելի չէ, իսկ ինչ վերաբերում է ստաֆիլոկոկին, ապա դա չունի անգամ թույլատրելի շեմ: Ստաֆիլոկոկը չի կարող լինել ոչ միայն սննդամթերքի, այլեւ կաթնամթերքի մեջ»,- նշեց Բ. Պիպոյանը: Ըստ վերջինիս` «Արմֆուդ» ապրանքատեսակի կաթը քաղաքացին գնել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետից: Բ. Պիպոյանի խոսքով` «Երեւան սիթի» սուպերմարկետներից դուրս է բերվել «Արմֆուդի» այծի կաթը, եւ նույն աշխատանքները տարվում են ամբողջ հանրապետության մյուս մարզերում: Ըստ Պիպոյանի, դադարեցվել է «Էյ-Սի-Սոֆթ» ընկերության այծի կաթի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասը կվերսկսի իր աշխատանքները` կաթի մեջ հայտնաբերված ստաֆիլոկոկերի առաջացման պատճառները, այլ կերպ ասած` գրանցված խախտումները բացահայտելուց հետո: Մեր այն հարցին, թե վերջին 5 տարիների ընթացքում քանի՞ նման դեպք են արձանագրել եւ ո՞ր ընկերությունների կողմից, ՍԱՊԾ-ի պետի մամուլի քարտուղարը պատասխանեց. «Մանրէներ եղել էին, բայց ստաֆիլոկոկ չէր եղել: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ փակ կաթնամթերքի բնագավառում, բայց կոնկրետ չեմ ուզում նշել, թե ո՞ր ընկերությունների կողմից են: Ծառայության պետը 100 օրվա հաշվետվություն ունի, եւ, հավանաբար, երեքշաբթի ուսումնասիրությունների արդյունքները կնշվեն, ինչպես նաեւ` կնշվեն կոնկրետ ընկերությունների անուններ»: Ինչեւէ, տպավորություն է ստեղծվում, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «մեծ» գործ է անում ՀՀ քաղաքացիների համար, երբ տարիներ շարունակ հայաստանյան սպառողները դժգոհում են բորբոսնած պանրից, յոգուրտից, կաթից, դրանց պիտանելիության «հինավուրց» ժամկետներից: Ի դեպ, նշենք, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչությունը, «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի ներկայացուցիչների հետ համատեղ, հերթական ծրագրային հսկողական շրջայցերն է կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի առավել քան 40 խանութներում` ժամկետանց սննդամթերք հայտնաբերելու եւ դրանց վաճառքը բացառելու նպատակով: Թե ժամկետանց սննդամթերքից կամ կաթնամթերքից քանի՞ թունավորման դեպք է գրանցվել այս տարիների ընթացքում, դժվար է ենթադրել, մինչդեռ գերատեսչական բոլոր մարմինները շարունակում են գործել «պլանային»։