Լինել առաջինը՝ ստրուկների մե՞ջ, թե՞ երկրորդը՝ Հռոմում

05/11/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Համապետական նշանակության ընտրությունները` խորհրդարանական, նախագահական, տեղական ինքնակառավարման մարմինների, Սահմանադրությամբ, բազմաթիվ օրենքներով կանոնակարգված են: Թերեւս շատերը գիտեն, որ ունենք անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի լիազորությունները եւս օրենքով հստակեցված են` կարգավորել ընտրությունների անցկացման տեխնիկական մասը, վերահսկել ընտրությունների մասնակից կուսակցությունների ու անհատների ֆինանսական հոսքերը եւ այլն: Այսինքն` կուսակցություններին, քաղաքական գործիչներին պետք է մտահոգի բացառապես մեկ բան` անել ամենը` շահելու ընտրողների վստահությունն ու հարգանքը: Իսկ դա ձեռք է բերվում ընդամենը մեկ ճանապարհով` կատարած աշխատանքով: Ընտրվելու մեխանիզմն էլ պարզ է, ինչպես մեկին գումարած մեկ. նախորդ ընտրություններին առավելագույն ձայն հավաքած կուսակցություններն ԱԺ-ում, կառավարությունում, պետական մյուս գերատեսչություններում ունենալով լծակներ, այսինքն` աշխատելու հնարավորություն, անում են ամեն բան` ընտրողների կյանքը պակաս տանջալի դարձնելու, քան կա իրականում:

Այն կադրային տեղաշարժերը, որոնց ականատեսն ենք այս օրերին, շատ տարօրինակ ուղերձ են: Տարօրինակ են այնքանով, որ պարալիզացրել են քաղաքական դաշտը: Մասնավորապես, անհասկանալի է, երբ երկրի ԱԺ նախագահը հրաժարական է ներկայացնում` իր քայլը հիմնավորելով Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու անհրաժեշտությամբ: Մինչ այդ նա նկատեց, թե իր հրաժարականով ապացուցում է` պաշտոնը ոչինչ է, հավատարմությունն` ամեն ինչ: Սակայն անգամ իր հրաժարականով Հովիկ Աբրահամյանը չկարողացավ համոզել իր նվիրվածությունը Նրան (Սերժ Սարգսյանին): Նրա հրաժարականին հաջորդեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի (Ս. Սարգսյանի դստեր ամուսինը) հրաժարականը: Սակայն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարվելով` Մինասյանը դե ֆակտո չի կորցնում իր ունեցած իշխանությունից եւ ոչ մի տոկոս: Չմոռանանք նրա սոցիալական ստատուսը` Ընտանիքի անդամ: Ըստ էության, Միքայել Մինասյանը գործուղվում է ՀՀԿ շտաբ` վերահսկելու Հովիկ Աբրահամյանի աշխատանքը: Նաեւ` նվիրվածության աստիճանը: Եթե հրաժարական տա նաեւ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` դարձյալ ուղեւորվելով ՀՀԿ շտաբ (ինչպես պնդում են բոլոր լրատվամիջոցները), իրավիճակը շատ կանլրջանա: (Թեեւ, դատելով դեպքերի այսօրինակ զարգացումից` Արմեն Գեւորգյանը շտաբում հաստիքով աշխատել դժվար թե ցանկանա): Նախագահն էլ պետք է գիտակցի, որ կասկածի, վստահության այս աստիճանի դեֆիցիտի պայմաններում հավատարմություն ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ: Սա հիշեցնում է մի հին պատմություն. Նապոլեոնի ոստիկանապետ Ֆուշեն լրտեսական մի այնպիսի ցանց էր հյուսել, ուր ոչ ոք մյուսին չէր վստահում, բոլորը միմյանց վերահսկում էին: Այսինքն` բոլորը զբաղված էին կասկածելով, եւ ոչ ոք իր գործողություններում ազատություն չուներ:

Հետաքրքիր է, որ ՀՀԿ շտաբի առաջին երկու աշխատակիցները` Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանն, արդեն խոսում են, թե երկրի համար որքան կարեւոր է առաջիկա ընտրությունների ազատ ու թափանցիկ լինելը: Ի՞նչ են անում նախընտրական շտաբներում առհասարակ: Ընտրողներին մեկ առ մեկ ներկայացնում են իրենց կուսակցության առավելությունները մյուսների հանդե՞պ, կատարած աշխատա՞նքը: Հասկանալի է` ո՛չ: Իշխանությունները հասցնում են կառավարման ընթացքում գրեթե անդառնալիորեն վարկաբեկվել: Հայաստանում կյանքը շարունակում է մնալ նույնքան վատ, որքան կար: Արտագաղթը շարունակվում է: Մարդիկ նույնքան հուսահատ են, որքան չորս, ութ, տասներկու, տասնվեց տարի առաջ: Այդ դեպքում որո՞նք են նախընտրական շտաբների առաքելությունները:

Հասկանալի է, շտաբում եւս գիտակցում են, որ մարդահամարի թվերը գրոշի արժեք չունեն: Շտաբի աշխատակիցները պետք է բակ առ բակ շրջեն մայրաքաղաքում, ծանոթանան բակային, թաղային հեղինակություններին: Կարեւոր է կազմել շենքի բնակիչների իրական ցուցակը` ըստ քաղաքական նախասիրությունների: Հաջորդ քայլը` պետք է «սանրվի» ողջ հանրապետությունը: Սակայն այս ամենի ռեզյումեն, խոշոր հաշվով, մեկն է` կազմել նախընտրական ծախսերի բյուջեն, հասկանալ` որքան ընտրակաշառք, օգնություն պետք է բաժանվի, քանի կիլոմետր ասֆալտ գցվի: Կարճ ասած, սա ԱԺ նախագահի թեթեւ աշխատանք չէ:

Խոսքերը, որոնք լսեցինք ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շուրթերից, անակնկալ էին` բովանդակության առումով: Նման անթաքույց հավատարմություն, երբ դրա ցուցադրությունից անգամ հաճույք են ստանում, մինչ օրս իրենց թույլ են տվել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները` իրենց առաջնորդի հանդեպ: Ավելորդ է ասել, որ գիտակից մարդու համար իրեն ուղղված հրապարակային հավատարմության ամեն կարգի դրսեւորում առավելագույնս տհաճ է: Սակայն խնդիրն այն է, որ մարդկային հենց ա՛յս ռեսուրսով է հնարավոր ընտրություններին հաշվել 51 տոկոսից ավելի ձայն: Եվ ստրկամիտ պաշտոնյաների այս ողջ բանակը, ըստ հավատարմության աստիճանի, դարձյալ կհայտնվի իշխանական բուրգում` հաջորդ չորս տարիներին մաշելու հավատարմության աղքատիկ պաշարները: