Ինչպես են տպագրվում թերթերը

18/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մամուլի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է գոնե մեկ անգամ ականատես լինի, թե իր թերթն ինչպես է արտադրվում եւ որքան մարդ է այդ ապրանքի վրա աշխատում: «Տիգրան Մեծ» հրատարակչությունն արտադրություն է, որտեղ լույս են տեսնում մեծ թվով թերթեր, իսկ աշխատակիցները բավականին խնամքով են վերաբերվում իրենց արտադրած ապրանքին: Ի դեպ, տպարանի աշխատակիցներն իրավունք չունեն գոնե մեկ հատ թերթ տանել տուն, որովհետեւ դա կհամարվի գողություն, ուստի աշխատանքային ժամերին հասցնում են իրենց հետաքրքրող հոդվածներին ծանոթանալ, թեեւ անորակ ու պատառոտված թերթերից տուն տանելու համար իրենց բաժին հասնում է: Բովանդակային եւ համակարգչային աշխատանքներն ավարտելուց հետո թերթի տնօրենն էջերը պերգամենտ թղթով կամ համակարգչային կրիչով կեսգիշերին տեղափոխում է տպարան: Տպարանում թերթերը տպագրվում են կեսգիշերին, որպեսզի առավոտյան ընթերցողը թարմ տեղեկատվություն ստանա:

«Խելագարի պես վազում էի, որ թերթ կարդամ»

Ալվարդ Աբգարյանը 23 տարի աշխատում է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, ու տպարան մտնող թերթերը առաջինը հայտնվում են այս հոգատար կնոջ ձեռքերում: Տիկին Ալվարդը թերթերի մոնտաժային աշխատանքն է կատարում: Ասում է, որ հիմա հազվադեպ է թերթ կարդում, իսկ նախկինում խելագարի պես վազում էր արտադրամաս, որպեսզի թերթերի հոդվածները կարդա: «Հիմա մեկ-մեկ կարդում եմ, որ իմանամ ինչ է կատարվում Հայաստանում, բայց չեմ վստահում թերթերին, կեղծ բամբասանքներ են»,- ասում է նա: Ասում է՝ «Մամուլը մեղավոր չի, երկիրը երկիր չի, ճշմարտություն չկա»: Տիկին Ալվարդն այլեւս իրեն պարտավորված չի զգում թերթ կարդալ. թերթը ձեւավորում, կտրտում եւ ուղարկում է տպագրության: Թերթերին այնքան չի վստահում, որ նախընտրում է այդ ժամանակը տրամադրել գեղարվեստական գրքեր կարդալուն: «Չեմ ուզում խորանալ ու հակա բաներ ասել, ես իմ համար խելոք աշխատում եմ: Ես «168 Ժամը» շատ եմ սիրում, կարդում եմ, բայց չգիտեմ` ինչի՞ եմ սիրում: Օրինակ՝ խորհուրդ եմ տալիս, ասում եմ` գազարագույն գծերն ավելացրեք»,- ասում է նա: Տիկին Ալվարդը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ թերթը թիթեղի վրա մոնտաժել, ուղարկել է տպագրության, սակայն անցանկալի տեղեկատվության պատճառով հանկարծ խմբագրակազմը որոշել է վերջին պահին բովանդակությունը փոխել: Տպարանի աշխատակիցները ստիպված են եղել 1-2 ժամ սպասել, որպեսզի խմբագրակազմն էջերում շտկումներ անի ու նորից վերադարձնի տպարան: Ներկայումս զարգացած տեխնիկան տպարանի աշխատակիցների գործը թեթեւացրել է, իսկ նախկինում թերթը դժվար եղանակով էր տպագրվում, եւ տպարանի աշխատողը պետք է նախադասություններն ու բառերը հատ-հատ կարդար: Տիկին Ալվարդն օրվա մեջ մոնտաժում է 10-15 անուն թերթ, իսկ նախկինում տպագրվող թերթերից հավանում էր «Մունետիկ», «Անդրադարձ» թերթերը, որովհետեւ դրանք իշխանությանը «կպնելու» գերխնդիր չունեին: Ներկայիս թերթերից հավանում է «Հրե գունդ», «Կնոջ հանրագիտարան», «Ճիչ» եւ «Մունետիկ» թերթերը: «Մյուս թերթերից հոգնել եմ, միշտ նույն թեմաներին են անդրադառնում, բոլորը ֆոտոմոդել են դարձել, նույն դեմքերն են տպագրվում»,- պատմում է նա: 23 տարիների աշխատանքային հիշողություններից տիկին Ալվարդի մեջ դաջվել է երկրաշարժի օրը: Այդ օրը բոլոր թերթերը դաժան ու ցավալի լուսանկարներով էին տպագրվում եւ նա լաց լինելով էր էջերը մոնտաժում: Ասում է՝ «Երբեք չեմ մոռանա, մի քանի օր արցունքն աչքերիս ու հուզված աշխատում էի: Շատ դաժան բան էր»:

«Աշխատում էին թոշակառու պառավ կնանիք ու անտունները»

Հարությունյան Ալբերտը տպարանում գալվանատիպիստ է, պատճենահանման սարքի վրա աշխատում է 38 տարի: Ասում է՝ «Էն ժամանակ դժվար էր, արճիճով էինք ձուլում, մրոտվում էինք, հիմա էս ապարատը գործս թեթեւացրել է: Գլուխս մտցնում էի 600 աստիճանի ապարատի մեջ, փեչի մեջ գործ էի անում»: Ալբերտը հիմնականում «Իրավունք» կամ «Հայոց Աշխարհ» թերթերն է կարդում, մեկ էլ հավանում է 16 էջանոց «168 Ժամը»: Իր համար հոդված կարդալը սկսվում է վերնագրից, եթե վերնագիրը կանչում է, ուրեմն՝ կարդում է: Չնայած տպարանի աշխատող է, բայց թերթ չի տանում տուն. «Պահակները չեն թողնում, թեւերս թափ տալով դուրս եմ գալիս, չի կարելի, օրինակ՝ կանֆետի ցեխից կարա՞ն կանֆետ տանեն, կերան՝ կերան, չէ՝ չէ: Նույնն էլ թերթն ա, կարդացիր՝ կարդացիր: Թերթ տանելը գողություն ա համարվում»: Սովետական տարիներին սիրում էր կարդալ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետական Հայաստան» «Ավանգարդ» թերթերը: Իսկ ամենաշատ տպաքանակ ունեցող թերթը «Սովետական Հայաստանն» էր՝ 140.000: Ալբերտը հիշում է, թե Սովետի տարիներին ինչպես էին խնդրում, որ տպարանում բանվոր աշխատեր, անգամ փոխարենը բնակարան էին առաջարկում: «Առաջ տպարանը Տերյան փողոցում էր, աշխատող չունեին, ուսանողներին բերում-բանացնում էին: Տպարանում աշխատելու գալիս էին մենակ բնակարան չունեցողներն ու թոշակի անցած պառավ կնանիք: Իմ ամենաուրախ օրը եղել ա էն, որ դակումենտներս վերցրել, գնացել եմ բնակարան ստանալու: Տպարանի իմ աշխատանքային օգուտն էդ ա»: Ալբերտը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ վիճահարույց հոդվածի պատճառով 150.000 տպաքանակով թերթերը հանձնել են «գարդոնի» գործարան, որպեսզի չկարդան, որովհետեւ վերեւներից խմբագրին հրահանգ է իջեցվել, իսկ խմբագիրն իր թերթը ստիպված է եղել ոչնչացնել:

«Բրեժնեւի դեմքին ներկ թափելու համար պատժվեցի»

«Օֆսեթ» հունարեն բառ է, որը նշանակում է` հարթ տպագրություն, ասել է թե՝ տպվող եւ չտպվող էլեմենտները գտնվում են նույն հարթության վրա: Օհանյան Սուրենը 35 տարի հարթ տպագրության սարքի վրա է աշխատում ու չի դադարում սիրել աշխատանքը: «Վերջերս կարդում եմ «168 Ժամ», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայոց Աշխարհ», «Ֆուտբոլ պլյուս» թերթերը:

Ամեն օր տպագրում եմ 15 անուն թերթ, բնական է, որ ի վիճակի չեմ բոլորը կարդալ»,- ասում է նա: Սուրենի կարծիքով՝ առաջվա թերթերն ուղղվածություն ունեին, կոմունիստական հասարակարգին էր վերաբերվում, ավել բան իրավունք չունեին գրելու, իսկ հիմա ինչ ուզում-գրում են: Հիմիկվա թերթերի ու նախկինների տարբերությունը սարսափելի մեծ է: «Հիշում եմ, Բրեժնեւի նկարի, հենց դեմքի վրա պատահաբար ներկ էր թափվել, դրա համար ես մեծ պատիժ կրեցի: Գորբաչովի նկարի հետ էլ էդպիսի երեւույթ եղավ, բախտս բերեց` պատիժն անտեսեցին, իսկ Բրեժնեւի դեմքի համար կոմունիստական կուսակցական պատիժ տվեցին: «Պրավդա» թերթում էր նկարը, պատկերացրեք` Սովետական Միության համար առաջին թերթում նման բան էի արել: Թերթը Ռուսաստանից էր գալիս, մենք «տելետայպով» ստանում, այստեղ տպագրում էինք, տպաքանակը մինչեւ 100.000-ի հասնում էր: Կենտրոնական թերթ էր եւ հատուկ ուշադրություն պիտի դարձնեինք էդ թերթին»: Սուրենը որպես լավագույն աշխատող նաեւ մրցանակների է արժանացել: Քանի որ նա Ղարաբաղյան ազատագրական պայքարի մասնակից է, իր պարտքն է համարում այդ թեմայով հոդվածները կարդալ: Ղարաբաղում կռված Սուրենը համարում է, որ հայաստանյան մամուլը պատշաճ կերպով չի անդրադառնում ղարաբաղյան հիմնահարցին: Պատմում է, որ պատերազմի տարիներին ավելի շատ էր թերթ կարդում, օրինակ՝ «Երեկոյան Երեւան» թերթը, որի խմբագիրը Կամո Վարդանյանն էր, շատ հետաքրքիր թերթ էր: Ղարաբաղ թերթ չէր հասնում, բայց այստեղ շատ էր կարդում: Սուրենն ասում է, որ կուզենար մի օր մամուլում կարդալ, ասենք, թե ինչպես են «Գրանդ քենդիի» աշխատողներին պարգեւատրում: Հիացմունքով պատմում է՝ «Հավաքվում են Օպերայի դահլիճում կամ մարզադահլիճում, պարգեւատրում են ու հեռուստատեսությամբ ցույց են տալիս: Այդպիսի լավ երեւույթներին պիտի ժուռնալիստներն արձագանքեն: Մեր ժողովուրդը դրական հոդվածների կարիք ունի: Հիմա բացասական բաները շատ են: Երեւի թերթերը մտածում են` որպես գովազդ կդիտվի դրական բան գրելը, բայց էդպես չի, եթե թերթն իր դեմքն ունի, ընթերցողը կհասկանա, որ օբյեկտիվ թերթը դրական բաներ էլ է գրում: Դա ավելի գեղեցիկ բան է, քան միշտ վատ բաներ գրելը: Հիմա, որ ասեմ «168 Ժամը» սիրում եմ, կմտածեք, թե լրագրողին հաճոյանում եմ, էդպես չի, օրինակ, տպագրության ժամանակ հանդիպում եմ աչք զարնող հոդվածների: Տարբեր տեղերից հետաքրքիր ինֆորմացիաներ կան: Ասենք՝ աչքս զարնեց էն հոդվածը, որ «Լֆիկ Սամոն» ինչ լավ գործեր է արել: Հասկանո՞ւմ եք, ընթերցողը հոգնել է վատ բան կարդալուց, պիտի լավ բաներ էլ մատուցվեն: Լավ գործերը գրելը ամոթ բան չի, էդ մեր ժողովրդին պետք ա»,- վստահեցնում է ընթերցողը: