Ընտանիքով 4 միլիոն դրամ են պահանջում «168 Ժամից»

05/11/2011

Նոյեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենան Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի երկու դատական նիստերը:

Երկու դատական նիստերը նշանակված են նույն օրը` կես ժամվա տարբերությամբ. դատական մի նիստը տեղի կունենա ժամը 15:00-ին, իսկ մյուսը` 15:30-ին: Երկու գործերով դատական հայցերը վերապահված են դատավոր Ա. Մելքումյանին: Նախկին տնօրինուհին հայցադիմում է ներկայացրել «պատիվն ու արժանապատվությունը» արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու մասին» հայցով, որով նա պահանջում է, մեջբերում ենք` «պարտավորեցնել «168 Ժամ» ՍՊ ընկերությանը եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանին` «168 Ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ես հանդիսանում եմ դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի»: «168 Ժամ» ՍՊԸ-ից եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Սուսաննա Նազարյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ` որպես զրպարտության դիմաց փոխհատուցում»: Իսկ նրա անչափահաս որդին` Տիգրան Համլետի Տերտերյանը (անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչներն են նրա հայրը` Համլետ Տերտերյանը, եւ մայրը` Սուսան Նազարյանը), դարձյալ հայցադիմում է ներկայացրել «պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին»: Անչափահաս տղան իր հերթին պահանջում է. «Պարտավորեցնել «168 Ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ես` Տիգրան Համլետի Տերտերյանս, հրդեհել եմ դպրոցի փաստաթղթային արխիվը: «168 Ժամ» ՍՊԸ-ից եւ լրագրող Մ. Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Տիգրան Համլետի Տերտերյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ` որպես զրպարտության դիմաց փոխհատուցում»: Անչափահասը նաեւ պահանջել է արգելանք դնել պատասխանող «168 Ժամ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա` հայցագնի չափով: Այլ կերպ ասած` մայր ու որդի մեր թերթից` «168 Ժամից», պահանջում են 4 մլն դրամ:

Ինչեւէ, տնօրինուհու կողմից մեր թերթին դատի տալու հանգամանքն ամենեւին էլ պատահական չէր: Մեր խմբագրությունը Էջմիածնի բնակիչներից բազմիցս ստացել է հեռախոսազանգեր, զգուշացումներ, ըստ որոնց` Ս. Նազարյանը վրեժխնդիր է լինելու թերթից: Իսկ դրա պատճառն այն է, որ դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին առաջինն անդրադարձավ «168 Ժամ» թերթը, այնուհետեւ` մյուս լրատվամիջոցները, որից հետո նա հեռացվեց աշխատանքից: «Մի աղջիկ էրեխու ասաց` հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի` էս ո՞ւր ենք ընկել: Էդ աղջիկն ընդամենը հեռախոսով էր խոսում»,- Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Ս. Նազարյանի մասին մեր առաջին հրապարակման ժամանակ պատմել էր դպրոցի աշակերտ Ալբերտ Հարությունյանը, ում միջոցով էլ ջրի երես դուրս եկավ դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, ինչը հետագայում փաստեցին դպրոցի մյուս աշակերտները, ծնողները եւ այլք: Այս մասին մեր առաջին հրապարակումից հետո Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում Ս. Նազարյանի դեմ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով: Դրան հաջորդեց ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տրված կարգապահական տույժը` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ապրիլի 30-ին ԿԳ նախարարի հրամանով տնօրենի պաշտոնում Ս. Նազարյանի լիազորությունները դադարեցվեցին: Իսկ վերջինիս պաշտոնաթող անելու համար հիմք էին հանդիսացել ՀՀ Կրթության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումները:

Աշխատանքը կորցրած Ս. Նազարյանը, սակայն, անմիջապես այլ զբաղմունք է գտել` դատարանների դռները բախելով: Վերջինս դատարան է դիմել նաեւ ընդդեմ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հրամանի: Ավելին` այս տիկնոջ դեմ հարուցված քրեական գործը դեռեւս ընթացքի մեջ է եւ գտնվում է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում: Մինչ օրս մեր թերթի խմբագրությունը շարունակում է հեռախոսազանգեր ստանալ Էջմիածնի բնակիչներից, ինչպես նաեւ` նամակներ արտերկրում ապրող Էջմիածնի այն բնակիչներից, ովքեր երբեւէ առնչություն են ունեցել նշյալ դպրոցի հետ: Իսկ այս օրերին, ըստ էջմիածինցիների, տնօրինուհին շարունակում է իր վերադարձի մասին հայտարարություններ տարածել` ասելով, թե իբր «շահել» է դատերը, եւ այլն:

Ընթերցողը, վստահաբար, կհիշի, թե մինչ աշխատանքից ազատվելը Ս. Նազարյանն ինչպիսի լուրեր էր տարածում` ասելով, թե ինքն ամուր «մեջք» ունի, ու իր սուրը կտրում է աջուձախ: Ս. Նազարյանը, փաստորեն, դեռ շարունակում է, այսպես ասած, փրփուրներից կախվել` հուսալով, որ մեր թերթի դեմ հայցապահանջը բավարարելով, ինքնաբերաբար «կջրվեն» քրեական գործն ու ԿԳՆ-ի դեմ դատավարությունը…

«168 Ժամ»