Գաղտնի այց Իսրայել

03/11/2011

Հայաստանի պետական կառույցներից մեկի ղեկավարը նախորդ շաբաթ գաղտնի այցելել է Իսրայել: Այս մասին IzRus պորտալին հայտնել է իսրայելական հավաստի աղբյուրը: Հայաստանից Իսրայել մեկնած պատվիրակությունը բաղկացած է եղել երեք հոգուց, ովքեր Իսրայելում անցկացրել են մի քանի օր: Հայ հյուրերը դիտել են մի շարք պրոֆիլային կառույցներ Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, այցելել Երուսաղեմի հայկական թաղամաս: Ընդունող կողմը զարմացած է եղել հայ պաշտոնյայի` Իսրայելի պատմության եւ ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ իր հրեա գործընկերների աշխատանքի նրբությունների լավ իմացությամբ: Աղբյուրի փոխանցմամբ, այս այցելության նախաձեռնողը եղել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը, ով այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա մարտին: Հենց նա էլ ուղեկցել է հայկական պատվիրակությանն Իսրայելում: Հայ հյուրերն Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներ չեն ունեցել: Այցելությունը կրել է ճանաչողական բնույթ, եւ կոնկրետ գործարքներ ու նախագծեր չեն քննարկվել: Միաժամանակ, IzRus պորտալի աղբյուրը հավելել է, որ հայկական կողմը կարծիք է հայտնել, որ թուրք-հրեական հարաբերություններում առկա ճգնաժամը լավ նախադրյալներ է ստեղծում Երեւանի եւ Երուսաղեմի միջեւ կապերի զարգացման համար: