«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` երեկ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ասել է. «Հասկանալի է, որ սկսվում է նախընտրական արշավը, եւ այդ բոլոր զարգացումները կապված են հենց դրա հետ»: Նաեւ հավելել է, թե ՀՀԿ-ն չի թաքցնում այս կադրային փոփոխությունների իրական նպատակը, ինչպես նաեւ այն, որ լինելու են նոր փոփոխություններ: «Ոչ ոք պաշտոնանկ չեղավ ինչ-որ լուրջ խնդիրների պատճառով: Դա ավելի շատ կապված է ընտրություններին պատրաստվելու հետ: Կարծում եմ` ոչ ՀՀԿ-ն, ոչ իշխանությունները չեն թաքցնում այդ կադրային փոփոխությունների իրական նպատակները»,- ասել է նա: Նրա կանխատեսմամբ` առաջիկայում եւս կլինեն կադրային փոփոխություններ, սակայն այդ վերադասավորումները դարձյալ կապված կլինեն իշխանությունների հեղինակության եւ ընտրություններին լավ նախապատրաստվելու հետ: