ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ ԱԺ-ում 2012թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին 2012թ. կտրվի 32.5 մլրդ դրամի դոտացիա: Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` դոտացիաների չափը որոշվում է հետեւյալ բանաձեւով. այն չպետք է պակաս լինի 2 տարի առաջվա պետական բյուջեի եկամուտների 4 տոկոսից: «Սակայն վերջին 2 տարիների ընթացքում այս բանաձեւը խախտվել է հօգուտ տեղական բյուջեների, քանի որ ճգնաժամի պատճառով պետբյուջեի փաստացի եկամուտները նվազել էին: Այսպես` եթե հիմք ընդունվեր 2010թ. փաստացի 804 մլրդ դրամ եկամուտը, դոտացիաները կկազմեին 32.1 մլրդ դրամ, սակայն կառավարությունն առաջարկում է 300 մլն դրամով ավելի գումար»,- ասել է Պ. Սաֆարյանը: Ի դեպ, ըստ ՀՀ կառավարության` 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջեին կտրամադրվի 3.5 մլն դրամ: Իսկ ամենաշատ դոտացիա տրվելու է Երեւան քաղաքին (8.3 մլրդ դրամ):