2012թ. պետբյուջեի նախագծով` ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը 2012թ. կկազմեն 3,268 մլրդ դրամ, ինչը 2011թ. համեմատ 311 միլիոնով պակաս է: ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի համար նախատեսվում է հատկացնել 510,3 մլն դրամ, գործուղումների եւ ուղեւորությունների համար` 479,1 մլն դրամ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում 2012թ. բյուջեի նախագծի համար կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, թե ծախսերը կրճատվելու են ներքին գործուղումների, ավտոմեքենաների վարձույթի եւ այլ ծառայությունների հաշվին: «Սակայն, հաշվի առնելով դիվանագիտական առումով հագեցած 2011 թվականը, արտաքին գործուղումների ծախսերը ավելացվել են 5 մլն դրամով»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքով, եթե 2010թ. նախագահի աշխատակազմը 22 գործուղում է կատարել, ապա 2011թ. դրանց թիվը կհասնի 26-ի: Ի դեպ, ավելացումներ են նախատեսվում նաեւ աշխատավարձային ֆոնդում: 5 հոգանոց Էթիկայի հանձնաժողովի պարտականությունների մեջ կմտնի պետական ծառայողների ծառայողական եւ անձնական շահերի հակասությունների վերահսկողությունը: 2012թ. հաստիքացուցակով ՀՀ նախագահի աշխատակազմում կհաստատվի 362 մարդ: