ՀՀ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ: Նա կարեւորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը: Ս. Սարգսյանի խոսքով` պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները: «Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Ս. Սարգսյանը: