– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին պաշտոնանկությունները, եւ որքանո՞վ են դրանք ուղղակիորեն կապված նախընտրական գործընթացների հետ:
– Այն, որ այդ պաշտոնանկությունները կապված են նախընտրական գործընթացների հետ, իրողություն է, որն, ինչպես ասում են` ջրի երեսին է, եւ բոլորն էլ դա արձանագրում են: Եթե վերցնենք թեկուզ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե` շտաբի պետի պարտականությունները նախընտրական փուլում շատ ավելի կարեւոր դերակատարում ունեն, քան ԱԺ նախագահինը, ապա սա ցույց է տալիս, որ իսկապես այդ վերադասավորումները, հրաժարականները միանգամայն տեղավորվում են նախընտրական ժամանակաշրջանի տրամաբանության մեջ: Չնայած ՀՀԿ-ն արտաքուստ փորձում է ցույց տալ, որ պրոբլեմներ չի տեսնում իր վերարտադրման հարցում` որպես իշխող ուժի, իրականում լուրջ մտահոգություններ ունի եւ ստիպված է իր քաղաքական կշռի անբավարարության, քաղաքական ռեսուրսի սահմանափակ լինելու պայմաններում ապավինել վարչական մեխանիզմներին: Եվ այստեղ կարեւորվում են այն մարդիկ, ովքեր ընդունակ են ընտրական գործընթացներում արդյունք ապահովել: Հ. Աբրահամյանին ասվել է` գնա շտաբի պետ, կապահովես արդյունք եւ այն ամենը, ինչ մեզ համար նպաստավոր կլինի` կվերադառնաս ԱԺ խոսնակի պաշտոնին:
– Նախորդ ընտրություններում էլ Հ. Աբրահամյանը ղեկավարել է նախընտրական շտաբը` շարունակելով պաշտոնավարել: Ուստի չե՞ք կարծում, որ արժանահավատ չեն բերված պատճառաբանությունները, թե նրա հրաժարականը կապված է 2012թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու հետ:
– Ես դրան կարող եմ նաեւ ավելացնել, որ 2003թ. Սերժ Սարգսյանը` լինելով Պաշտպանության նախարար, գլխավորեց Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը: Ավելին` Ս. Սարգսյանը չթողեց վարչապետի պաշտոնը, երբ առաջադրվել էր ՀՀ նախագահի թեկնածու, եւ մասնակցեց ընտրություններին` շարունակելով պաշտոնավարել` իբրեւ վարչապետ: Փաստորեն, այդ պատճառաբանությունն ընդամենը պատճառաբանություն է: Ուղղակի Հ. Աբրահամյանին հարյուր տոկոսով խթանելու համար, որպեսզի ինքը մինչեւ վերջ աշխատի արդյունքի համար, որպես շտաբի ղեկավար, ազատում են այդ պաշտոնից` պարզ ակնարկելով, որ քո ցանկությունը հետագայում այդ պաշտոնին վերադառնալու` լիովին պայմանավորված կլինի քո արդյունքն ապահովելու եւ համապատասխան ջիգերի գործադրման միջոցով ցանկալիին հասնելու հնարավորությամբ:
– Խոսակցություններ կան, թե Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ որոշ «դավադրություններ» է բացահայտել, ուստի վերադառնալուն պես պաշտոնանկ արեց Հ. Աբրահամյանին` այդպիսով ձերբազատվելով Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից: Որքանո՞վ եք հավանական համարում այս վարկածը:
– Դա կոնսպիրոլոգիայի ժանրից է: Ես չեմ հավատում դրան, որովհետեւ որեւէ փաստ այդ առնչությամբ չի բերվում, բացի ինչ-որ ենթադրություններից: Իհարկե, այսօր Ս. Սարգսյանն, ըստ էության, առաջնորդվում է` «խփիր յուրայիններիդ, որպեսզի ոչ յուրայինները կամ օտարները վախենան» կարգախոսով: Այն, որ Ս. Սարգսյանը դիմել է արտակարգ քայլերի, ըստ էության` հարվածելով իր շտաբներին` դա միանշանակ է: Առանցքային դեմքերին տեղափոխելը ցույց է տալիս, որ իշխանությունը` իշխող ուժը, լուրջ մտահոգություններ ունի: Այն, որ այսօր ենթադրություններ են արվում, թե դա պայմանավորված է Ռ. Քոչարյանի գործոնով` նրա հնարավոր ակտիվացման հնարավորությունով, դա ապացուցում է, որ մարդիկ հասկանում են, որ ՀԱԿ-ը` արմատական ընդդիմությունը, այլեւս Ս. Սարգսյանի համար վտանգ չի ներկայացնում: Ուստի, եթե Ս. Սարգսյանը կադրային արտակարգ տեղաշարժեր է նախաձեռնել եւ ստիպված է այդպիսի կտրուկ քայլերով նոր իրավիճակ առաջացնել, պայմանավորված է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի գործոնի կարեւորմամբ կամ մտահոգությամբ, այլ` մեկ այլ մտահոգությամբ: Այո, հնարավոր է` այդ մտահոգությունն այն է, որ Ռ. Քոչարյանի ակտիվացումը սպասվում է եւ միանգամայն սպասելի է, եթե հաշվի առնենք այն, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու առումով որեւէ հույս չի ներշնչում: Այստեղից ոմանք օգտվում են եւ լուրեր են տարածում, թե «դավադրություններ» են բացահայտվել, եւ այլն: Ի՞նչ դավադրություն կարող է լինել: Ես դա բացառում եմ, որովհետեւ խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր շատ երկար ճանապարհ են անցել միասին, եւ միմյանց շատ բաներ են կապում:
– Այնուամենայնիվ, Դուք Հ. Աբրահամյանին ո՞ւմ թիմակիցն եք համարում` Ս. Սարգսյանի՞, թե՞ Ռ. Քոչարյանի:
– Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում: Այնուամենայնիվ, հրապարակայնորեն ասված խոսքը մեծ կշիռ ունի: Ինչպես ռուսն է ասում` հրապարակային խոսքը թռչնակ չէ, որ թռչի, եւ դու կարողանաս որսալ: Երբ վերջերս Հ. Աբրահամյանին հարցրեցին Ռ. Քոչարյանի վարչապետ նշանակվելու հնարավորության մասին, նա ասաց, որ ՀՀ վարչապետը նորմալ աշխատում է, եւ Ռ. Քոչարյանի անհրաժեշտությունը չկա: Ի դեպ, Ռ. Քոչարյանի վարչապետ նշանակվելն արդեն հասարակական պահանջ է դառնում, որովհետեւ տնտեսության վիճակը գնալով վատթարանում է: Եվ ես չեմ բացառում, որ մի օր կգտնվեն մարդիկ, մեծ զանգվածներ, որոնք դուրս կգան եւ այդ հարցը կբարձրացնեն, կասեն` այո, նա է պետք: Ես դա տեսնում եմ. եթե աղքատության վերացման ծրագրի իրականացման գործում որոշակի շոշափելի արդյունքներ եղել էին ՀՀ-ում նախորդ տարիներին, ապա այսօր հետընթաց է տեղի ունենում, եւ նոր աղքատներ են հայտնվել` այս կառավարության գործունեության ժամանակաշրջանում: Սա, իհարկե, լուրջ մարտահրավեր է բոլորին, ուստի դա եւս չի բացառվում: Ինչ վեչաբերում է ձեր հարցին, ապա, եթե քաղաքական գործիչը, այն էլ` ԱԺ նախագահը, հրապարակայնորեն ասում է` ոչ, ունենք վարչապետ, որը լավ էլ աշխատում է եւ Ռ. Քոչարյանի անհրաժեշտությունը չկա, դա արդեն լուրջ է: Համաձայնեք, որ շատ քչերը կհամարձակվեն այդ պատասխանը տալ: Եվ եթե Հ. Աբրահամյանը նման հայտարարություն է անում, դա նշանակում է` հետագա պլանների փոփոխության համար պատասխան տալ: Իհարկե, այսօր հետաքրքիր իրավիճակ կա. կասկածամտությունը դա այն որդն է, որը ներսից քայքայում է այս վարչակազմին եւ երեւի թե կտապալի: Այս կասկածամությունը ցույց է տալիս, թե որքան թույլ եւ խոցելի է այս իշխանությունը ներսից: Իշխանությունն ինքն էլ է դա գիտակցում: Բոլորը բոլորին կասկածում են, եւ սա է այն մթնոլորտը, որով բնութագրվում է այսօրվա վերնախավի առանցքային ներկայացուցիչների հոգեվիճակը: ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրեր առաջ հայտարարում էր, որ իր համար անակնկալ է եղել իր պաշտոնանկությունը, եւ յուրաքանչյուր երկրորդ նախադասության մեջ շռայլում էր թախանձագին, արցունքաբեր հավաստիքներ` առ իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին: Ասում էր` եթե նույնիսկ նա ինձ հեռացնի, աքսորի, սպանի, միեւնույն է` ես մինչեւ վերջ իրեն հավատարիմ եմ լինելու: Սա ցույց է տալիս այն մթնոլորտը, որն իշխում է վերնախավում:
– Հ. Աբրահամյանը երեկ հայտարարեց, թե իր հրաժարականի պատճառը նաեւ այն է, որ 2012թ. ԱԺ ընտրությունները փորձաքար են ՀՀ-ի համար` ապացուցելու ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու կարողությունը, եւ ինքն իր բոլոր ուժերը պետք է ներդնի` այդ փորձությունը հաղթահարելու գործին: Ձեր կարծիքով` Հ. Աբրահամյանը կարո՞ղ է նման ընտրություններ ապահովելու երաշխիք դառնալ:
– Մեծ վտանգ կա, որ առաջիկա ԱԺ ընտրությունները կարող են լինել ամենասարսափելի եւ ամենախայտառակ ընտրությունները: Եթե մեկ կամ երկու տարի առաջ արտահերթ ընտրւթյուններ լինեին, դրանք չէին վերածվի primery-ի, եթե հաշվի առնենք այն, որ դրան մի քանի ամիս հետո հետեւելու է նախագահական ընտրությունների քարոզչական մեկնարկը: Այստեղ է, որ Ս. Սարգսյանի հոգեվիճակը միանգամայն բացատրելի է: Բայց կարելի էր դրանից խուսափել` 1-2 տարի առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելով: ԱԺ ընտրությունները պետք է ազատ թողնել: Եթե երկրի նախագահը ձգտում է վերընտրվել եւ ձգտում է դա անել համոզիչ ձեւով եւ այդ փորձության արդյունքում լինել անխոցելի, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքները համոզիչ լինեն: Եվ դա շատ մեծ նվաճում կլիներ Ս. Սարգսյանի համար, բայց հենց այն, որ այդ ընտրությունները նախորդելու են նախագահական ընտրություններին, նա իր ուսերին այնպիսի ծանրության բեռ է դնում, որը կարելի է կրել միայն գերմարդկային ուժերի գործադրմամբ: Դրա համար, եթե դրանք ժամանակի մեջ տարանջատվեին` լուծելի կլիներ: Իսկ հիմա արտահերթ ընտրություններն արդեն անհնար են, որը հասկացել է նույնիսկ ՀԱԿ-ը եւ Լ. Տեր-Պետրոսյանը: Շատ ավելի վատ կլինի վիճակը, եթե իրավիճակը Ս. Սարգսյանին պարտադրի գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը: Դա իր համար շատ անցանկալի կլինի: Ցուցակը պետք է գլխավորի ոչ թե նախագահը, այլ` ապագա վարչապետը, որովհետեւ երկրի նախագահը պետք է հանդես գա կուսակցությունների նկատմամբ արբիտրի դերում, քան միջկուսակցական պայքարի շահագրգիռ կողմի: Այդ պարագայում նա կհայտնվի սկանդալային ընտրությունների, խայտառակ իրավիճակի, խոցելի լեգիտիմություն ունեցող քաղաքական գործչի կարգավիճակում: Մի՞թե ԱԺ-ում 20-25 տեղ ավելի ունենալը կարող է արդարացնել դա: Արժե՞ արդյոք այդ գինը վճարել: Պատկերացնո՞ւմ եք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ երեք ցուցակները գլխավորեն ՀՀ երեք` նախկին եւ ներկա նախագահները: Սա, արդեն, ըստ էության, ԱԺ ընտրությունների իմաստն արժեզրկում է: ԱԺ ընտրությունների ժամանակ ճշգրտվում են կուսակցությունների քաղաքական, գաղափարական ուղեգծերն ու դրանց հանդեպ հասարակության վերաբերմունքը: ՀՀ-ում քաղաքական պայքարին եկել են փոխարինելու քաղաքական տեխնոլոգիաները, որոնք, մեղմ ասած` այնքան էլ մաքուր չեն: Հիմնականում դրանք ապավինում են ուժային գործոնին: Իհարկե, եթե Ալիկ Սարգսյանին փոխարինում են Վլադիմիր Գասպարյանով, իսկ վերջինս ավելի կոշտ գործիչ է, հասկանալի է, որ իշխանությունն ինքն էլ իր համար առաջիկայում հեշտ օրեր չի սպասում, եւ դա նույնպես չի կարող չհաղորդվել հասարակությանը, որը տագնապով է լցվում սեփական ապագայի նկատմամբ: