Պատմել է ոչ լեգիտիմության մասին

03/11/2011

Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ եւ ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ: Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` «նշելով ինչպես` նախագահի, այնպես էլ` Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը»: Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան` դրանից բխող բոլոր հետեւանքներով, որոնք են իրավական պետության եւ ժողովրդավարական ազատությունների բացակայությունը, ինչպես նաեւ` կեղծված ընտրությունները: Պատվիրակության անդամների խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ-ի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել Հայաստանում մամուլի ազատության վիճակին: