ՊԵԿ-ը հիշեցնում է

03/11/2011

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր են բացահայտել: Ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, Մեղրիի մաքսակետում, իրացնելով օպերատիվ տվյալները` Թեհրան-Երեւան երթուղային ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացի Աթիղ Մոհամմադիի գրպանից հայտնաբերվել է շուրջ 4 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց հիշեցնող զանգված: Վարչության աշխատակիցները, իրացնելով ավիափոխադրումներով իրականացվող մաքսային իրավախախտումների ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները, մեկ այլ դեպք էլ «Զվարթնոց» օդանավակայանում են բացահայտել: Մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո զննության է ենթարկվել Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Զավեն Զաքարյանը, որի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 25.000 ԱՄՆ դոլար եւ 60.000 ՌԴ ռուբլի: Օգտվելով առիթից, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու Հայաստանի Հանրապետություն ներմուծել մինչեւ 15.000 եվրոյին համարժեք կանխիկ դրամ: Իսկ առանց որեւէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունեն արտահանել մինչեւ 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ եւ համարժեք կանխիկ արտարժույթ: Մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր են արձանագրվել նաեւ մայրաքաղաքում: Այսպես, «Ջոլի ֆեմիլի» ՍՊԸ-ին հասցեագրված բեռը տեղափոխող ավտոմեքենան, Հայաստանի սահմանը հատելուց հետո, փոխադրման ամփոփագրում նշված «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի փոխարեն մուտք է գործել ընկերության պահեստ, որտեղ առանց մաքսային մարմինների թույլտվության, մաքսային հսկողության տակ գտնվող բեռից 70 արկղ պլաստմասսե ապրանք է բեռնաթափվել պահեստ: Խախտումը հայտնաբերվելուց հետո բեռնաթափված ապրանքատեսակները հետ են բարձվել եւ ուղեկցվել համապատասխան մաքսային պահեստ: Իսկ «Սիընդէֆքո» ՍՊԸ-ի կողմից ներմուծված բեռի զննության ընթացքում պարզվել է, որ մի շարք ապրանքներ հայտարարագրվել են ոչ իրենց անվանումներով, ապրանքների մեկ այլ խմբի դեպքում էլ սխալ է հայտարարագրվել ծագման երկիրը: Ներկայացված փաստերի առնչությամբ ընթանում է քննություն: