Թռչկանը փրկվե՞ց

03/11/2011

Արդեն մի քանի շաբաթ բավականին մեծ աղմուկ բարձրացրած Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Հիշեցնենք, որ ինչ-որ «Ռոբշին» կազմակերպություն ցանկանում է հէկ կառուցել այդ ջրվեժի վրա, եւ դա հարուցել է ոչ միայն շրջակա գյուղերի բնակիչների, այլ նաեւ` բնապահպանական մի շարք կազմակերպությունների բուռն դժգոհությունը: Շինարարական այդ կազմակերպությունը արդեն որոշակի աշխատանք իրականացրել էր ջրվեժի մոտ, ընդ որում, դա արել էր գիշերվա ժամերին: Եվ այդ աշխատանքների հետագա ընթացքը կասեցնելու համար բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները նույնիսկ շուրջօրյա հերթապահություն էին սահմանել Թռչկանի ջրվեժի շրջակայքում: Վերջերս տեղեկատվություն հրապարակվեց, թե հէկ-ի կառուցումը հետաձգվել է, եւ շինարար կազմակերպությունը ետ է քաշել իր տեխնիկան: Բնապահպանները, սակայն, չէին դադարեցնում շուրջօրյա հսկողությունը` մտավախություն ունենալով, որ իրենց հեռանալուց հետո այն կվերսկսվի:

Փորձեցինք Հանրապետական կուսակցության պատգամավոր, ՀՀԿ Սպիտակի շրջանի կառույցի պատասխանատու Հովհաննես Սահակյանից ճշտել, թե ինքը տեղյա՞կ է արդյոք այդ խնդրի մասին եւ ի՞նչ տեղեկություններ կամ մտահոգություններ ունի: Կամ` հանդիպե՞լ է ջրվեժի խնդրով մտահոգ մարդկանց: Պատգամավորը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքներն, իսկապես, կասեցվել են: «Ես բազմիցս խոսել եմ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ եւ այդ խնդիրը բարձրացրել եմ նրա մոտ: Նախարարը մշտապես հավաստիացրել է, թե ջրառ կատարելու դեպքում որեւիցե վնաս չի պատճառվի Թռչկանի ջրվեժին, եւ նրա գեղագիտական տեսքը որեւէ առումով չի վնասվի: Բայց քանի որ այդ հարցը շատ կարեւոր էր եւ հնչեղություն ուներ, նաեւ հարակից այդ երկու` Մեծ Պարնի եւ Շիրակամուտ գյուղական համայնքների ազգաբնակչությունն անմիջականորեն շահագրգռված էր ջրվեժի պահպանման համար, խնդիրը բարձրացվել է նաեւ երկրի ղեկավարության, նախագահի մոտ, որին արժանի եւ ճիշտ գնահատական տրվեց: Հիմա պետք է հավաստիացնեմ Սպիտակի բնակիչներին ու բոլորին, որ Թռչկանի ջրվեժին, իսկապես, վտանգ չի սպառնում, եւ եթե այդ հէկ-ի համար ջրօգտագործման թույլտվությունն էլ լինի, ապա նրանք ջրառը կկատարեն ջրվեժից ներքեւ, ինչպես պահանջում են շահագրգիռ կողմերը, Թռչկանի ջրվեժի պահպանման մասին մտահոգվող մարդիկ»,- ասաց Հ.Սահակյանը:

Նրա խոսքերով` սկզբում Բնապահպանության նախարարությունը շինարարական կազմակերպությանը ջրառի թույլտվություն էր տվել ջրվեժի անմիջապես թափման վայրից` ավազանից: Բայց հետո դրա հետ կապված աղմուկ է բարձրացվել, հարցը հասել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին: Ս.Սարգսյանն էլ արդեն նախարարությանը հանձնարարել է հէկ կառուցողին ջրառի իրավունք տալ ջրվեժի թափման ներքեւի հատվածում: «Բացի այդ, սկզբում նշվում էր, որ հէկ-ը պետք է աշխատի միայն աշնան եւ գարնան վարարումների ժամանակ, բայց որպեսզի մենք ավելի վստահ լինենք, որպեսզի ավելի հուսալի լինի այս ամենը, երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այդ ջրառն իրականացվի ջրվեժի ներքին հատվածում, որտեղից որեւէ վտանգ չի կարող սպառնալ Թռչկանին: Հիմա վերջնականապես կարող եք համոզված լինել, որ ջրվեժին որեւէ վտանգ չի սպառնալու: Ես երեկ նաեւ հանդիպել եմ այդ երկու համայնքների ազգաբնակչության հետ ու այս մասին տեղեկացրել եմ: Բավականին մեծ ոգեւորություն կա, որովհետեւ այդ վայրը տարածաշրջանի համար եղել է թե որպես տուրիզմի կենտրոն, թե որպես տեղի բնակչության համար հանգստի գոտի»,- ասում է Հ.Սահակյանը: