ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ շնորհավորել նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ա. Հովսեփյանը բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա նպաստել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Նա անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի դատաիրավապահ մարմինների կարողությունների զարգացման, աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող ծրագրերին` հավաստելով, որ այդ համագործակցության արդյունքում գրանցվել է տեսանելի դրական առաջընթաց` մասնավորապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում:
ԱՄՆ դեսպանը կարեւորել է Դատախազության հետ համագործակցությունը` բարձր գնահատելով վերջինիս դերը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության գործում, հանցավորության դեմ պայքարում: Խոսելով համագործակցության զարգացման հնարավոր ուղիների մասին` կողմերը փաստել են անհրաժեշտությունը` ձեւավորելու համապատասխան իրավական հիմք` երկկողմանի փաստաթղթերի տեսքով, որոնցով առավել կհստակեցվեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության մեխանիզմներն ու եղանակները: