Ուզում են արտաշիրմումը կազմակերպել

03/11/2011

Չորս ամիս առաջ Գյումրիում տեղի ունեցած շտապօգնության բժշկի աղմկոտ սպանությունից հետո իրադարձությունները զարգացել են նորովի:

Հիշեցնենք, որ հիվանդի տանը` նրա 28-ամյա որդին` Արտակ Կարապետյանը, ծեծելով սպանել էր «Շտապօգնության» աշխատակից, 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին: Այս մասին փաստել էին դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Սակայն, ըստ news.am-ի` դեպքից 4 ամիս անց, բժշկի կնոջը` Ջուլիետա Գրիգորյանին, հայտնի է դարձել, որ Արտակ Կարապետյանի հարազատներն ու փաստաբանը պահանջում են բժշկի անդրշիրմումը կազմակերպել` նոր փորձաքննություն անցկացնելու համար: Նրանք համաձայն չեն փորձաքննության տվյալների հետ, որի պատճառով գործը չի մտնում դատարան: «Ես թույլ չեմ տա, որ նրան շիրիմից հանեն: Ինչի՞ համար հանեն, որ տեսնեն` լավ են ծեծել, թե ո՞չ: Տնից գնացել է ողջ-առողջ, նրան դիահերձել են, ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: Այդ օրն էլ սպասում էինք, որ ծնունդ գնանք, թոռնիկիս ծնունդն էր: Ի՞նչ անդրշիրմում, ի՞նչ նոր փորձաքննություն, ես թույլ չեմ տա նրան մահվանից հետո էլ անարգեն»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպանված բժշկի կինը` Ջուլիետա Գրիգորյանը:

Վիրաբույժի կինն անհանգստանում է, թե ինչո՞ւ գործը չի մտնում դատարան: Ըստ նրա, նախաքննական մարմինները գործը միտումնավոր ձգձգում են: «Փոխանակ գործը դատարան մտցնեն, ասում են` անդրշիրմում, ինչո՞ւ գործը դատարան չի մտնում, ի՞նչ են հետաքննում, ամեն ինչ պարզից էլ պարզ է: Եվ տուժողն է հայտնի, եւ սպանողը, եւ վկաները կան, հո ավտովթար չէ՞, որ ասեն` տուժողը պարզ չէ, կամ հետաքննում են հայտարարել: Հենց երկրորդ օրն էլ, եթե ուզեին` կարող էին գործը դատարան մտցնել»,- դժգոհել է Ջուլիետա Գրիգորյանը:

Նոր փորձաքննություն անցկացնելու մասին խոսակցությունները տարածվել են նաեւ բժիշկների շրջապատում: Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` դրա անհրաժեշտությունը պարզապես չկա: «Ինչ-որ փաստաբան ունեն, ես զարմանում եմ այդ փաստաբանի հնարքների ու գիտելիքների վրա: Մի՞թե կարելի է նման բան անել: Հասկանում եմ, որ նրա գործը պաշտպանելն է, բայց թող պաշտպանի մարդկային բանականության սահմաններում: Ես իմ աչքերով առաջինն եմ տեսել մեր կոլեգային, նրա գանգը կապտած, հյուսվածքները վնասված, ինչի՞ մասին է խոսքըգ»,- ասել է Հ. Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաեւ նախաքննության երկարատեւ ընթացքին` ասելով. «Այդտեղ առանձնակի հետաքննություն անցկացնելու բան չկա: Երեւի գործը շուտով կմտի դատարան, կամ գուցե արդեն մտել է, ես չգիտեմ: Բայց ասեմ, որ նախաքննական մարմինները չեն կարող գործ սարքել, քանի որ սա էն դեպքը չէ, սա պարզապես սարքել հնարավոր չէ»:

Նշենք, որ քրգործը մինչեւ այժմ Շիրակի մարզի Քննչական գլխավոր վարչությունում է: Վարույթն իրականացնող ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի խոսքով` գործը կհանձնվի դատարան, երբ փորձաքննությունն ավարտված համարեն, իսկ դրա համար անգամ մոտավոր ժամկետներ նշել հնարավոր չէ: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ դեպքից 2 օր անց նախաքննական մարմինները հիմք ընդունեցին դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը` այն մասին, որ բժշկի մահը վրա է հասել ծեծի արդյունքում, ինչի հետեւանքով նախապատրաստվեց քրեական գործ սպանության հատկանիշներով, իսկ Արտակ Կարապետյանը կալանավորվել էր: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության ամենաբարձր ամբիոնից խոստացան անել ամեն ինչ, նախ` որ մեղավորն իր արժանի պատիժը գտնի, եւ հետո` հասկանան, որ բժիշկն արժանի չէ նման վերաբերմունքի: Տեղական մակարդակով էլ բազում խոստումներ տվեցին, հատկապես, երբ լրատվամիջոցներն անդրադարձան այն փաստին, որ երկրաշարժին տուն կորցրած բժշկին հուղարկավորում են հանրակացարանից: Աշոտ Գրիգորյանի նկարն այսօր էլ հանրակացարանի նույն սենյակի պատին է, որտեղ վիրաբույժն անցկացրել է կյանքի վերջին տարիները, եւ ուր հիմա նրա կինն է բնակվում: Ջուլիետա Գրիգորյանը դժգոհ է նաեւ հանրության վերաբերմունքից: Նրա խոսքով` շատ հեշտությամբ ու արագորեն մոռացության մատնվեց մի մարդ, ով տարիներ շարունակ ծառայել էր ժողովրդին ու մեծ ավանդ ուներ առողջապահության ոլորտում: «Նրան պիտի հետմահու պարգեւատրեին, որպես իր գործը բարեխղճորեն կատարած մարդու, ով մահվան ճիրաններում անգամ կատարել է իր պարտականությունը, սակայն գոնե փոխհատուցում չեն տվել: Միայն թաղման ծախսերը հոգացին, խոստացան, որ գերեզմանը կկառուցեն, բայց դա էլ չարեցին: Միայն թաղումը կազմակերպեցին, այն էլ` բժիշկների, իր կոլեգաների հանգանակությունների հաշվին, իսկ պետական մակարդակով ոչինչ չարվեց»,- կայքի հետ զրույցում ասել է սպանված վիրաբույժի կինը: Մահացած վիրաբույժի ընտանիքին դուրս են թողել նաեւ բնակարանի հերթացուցակներից: Այն դեպքում, երբ վիրաբույժը երկրաշարժին 4 սենյականոց բնակարան է կորցրել քաղաքի կենտրոնում: Արթիկում նրան հատկացված ծառայողական բնակարանը համարել են փոխհատուցում: