Անգործության հետեւանքները

03/11/2011

Անցյալ շաբաթ նախագահ Ալիեւը նշում էր Միավորված Ազգերի Կազմակերպությունում տարած իր երկրի պատմական հաղթանակը: Ադրբեջանն առաջին անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց հեղինակավոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում երկու տարի ժամկետով:

Այս հոդվածում կարծարծվեն հետեւյալ երեք հարցերը. 1) ինչպե՞ս Ադրբեջանին հաջողվեց ընտրվել նման էլիտար մարմնի կազմում. 2) ինչի՞ կհասնի Ադրբեջանն` իր ձեռք բերած նոր անդամակցությամբ. 3) ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին հայերը Ադրբեջանի թեկնածությունը կանխելու ուղղությամբ:

Ադրբեջանը, Հունգարիան եւ Սլովենիան մրցակցում էին Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի համար նախատեսված Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի աթոռի համար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նման հեղինակավոր մարմնի կազմում ընտրվելու հնարավորություն չպետք է ունենար, քանի որ այդ երեք երկրներից ամենաքիչ հավակնող պետությունն էր ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջները բավարարելու առումով` միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը չնպաստելու եւ ՄԱԿ-ի մարմինների աշխատանքներին չմասնակցելու պատճառով:

Արժանահավատ աղբյուրների համաձայն, Ադրբեջանը հաղթահարել է իր թերությունները` առաջարկելով ճանապարհորդական փաթեթներ եւ դրամական պարգեւներ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ` տնտեսական օժանդակություն ֆինանսական թույլ երկրներին` նրանց ձայների դիմաց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, որն ընտրում է Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներին: Օգտագործելով իր բոլոր լծակները` Ադրբեջանը ձեռք բերեց իսլամական երկրների, Արաբական լիգայի, «Չեզոք պետությունների շարժման» եւ ԱՊՀ (նախկին Խորհրդային Միության) երկրների, այդ թվում` Ռուսաստանի աջակցությունը: Այնուամենայնիվ, հակառակ այս արտասովոր լոբբինգի մարտավարությանը` Ադրբեջանը մեծ դժվարությամբ կարողացավ երկու օր տեւողությամբ 17 քվեարկություններից հետո հավաքել անհրաժեշտ ձայները, եւ միայն` երբ նրա հիմնական մրցակից Սլովենիան, ի նշան բողոքի, հրաժարվեց մասնակցել: Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Սամուել Զբոգարը հնչեցրեց իր բողոքն առ այն, որ «իր երկիրը հավանություն չի տալիս նման ընտրարշավի ձեւին»: Թեեւ նա չմանրամասնեց, այնուամենայնիվ, նա ի նկատի ուներ Ադրբեջանի շռայլ նվերներ բաշխելու գործելակերպը: Բնականաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալով` Ադրբեջանը բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, ինչպես նաեւ ձեռք բերեց նոր մի միջավայր իր անհատնում հայատյաց քարոզարշավներն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պաշտոնատարները կկարողանան իրագործել իրենց կողմից հայտարարված նպատակը. այն է` ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Խորհրդի օրակարգում: Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը` Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող մշտական հինգ անդամներից երեքը, բավականին հստակ նշել են, որ այդ խնդրով կզբաղվի միայն Մինսկի խումբը ՄԱԿ-ի շրջանակներից դուրս: Հետեւաբար, Ադրբեջանի ղեկավարները հավանաբար պետք է հուսախաբ անեն իրենց ժողովրդին` նրանց վստահեցնելով, որ Անվտանգության խորհուրդը կքննարկի Ղարաբաղի հիմնախնդիրը: Ադրբեջանը կարող է նաեւ մխրճվել խիստ կնճռոտ իրավիճակներում` ստիպված լինելով դիրք բռնել այնպիսի վիճահարույց խնդիրների շուրջ քվեարկելիս, որտեղ ընդգրկված կլինեն Իրանը, Իսրայելը եւ Սիրիան, եւ այլք: Մինչ Ալիեւի ռեժիմը տակնուվրա էր անում աշխարհը, որպեսզի հավաքի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար պահանջվող ձայների քանակը, ի՞նչ էին անում հայերը` Ադրբեջանի ջանքերին հակազդելու համար: Երկրի ներսում ընդդիմադիրները քննադատում էին Հայաստանի կառավարությանը Անվտանգության խորհրդի անդամի համար Հայաստանի թեկնածությունը չառաջադրելու համար` պնդելով, որ դա կնվազեցներ Ադրբեջանի ձայների քանակը: Նման ռազմավարությունը, սակայն, չէր կարող բխել Երեւանի շահերից, քանի որ Հայաստանը չի կարող մրցել Բաքվի մեծաքանակ ընտրակաշառքի բաշխման հետ եւ, ընդհակառակը, կխլեր Սլովենիայի ձայների մի մասը` ակամա նպաստելով Ադրբեջանի հաղթանակին: Իմ նախկին հոդվածներից մեկում ես առաջարկել էի, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունները եւ ազդեցիկ անձնավորությունները, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցությամբ, նախաձեռնեին միջազգային մի քարոզարշավ Ադրբեջանի թեկնածությանը հակազդելու համար: Ես կոչ էի անում աշխարհի բոլոր հայերին, որպեսզի դիմեն իրենց բնակության երկրների կառավարություններին` խնդրելով, որ չաջակցեն Անվտանգության խորհրդում Ադրբեջանի թեկնածությանը: Ցավոք, ոչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ոչ էլ սփյուռքահայ ղեկավարները նման համակարգված ջանքեր չնախաձեռնեցին: Երկու ամիս առաջ, երբ 50 երկրներից պատվիրակներ հավաքվել էին Երեւանում անցկացվող համահայկական համաժողովին, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնատարները պետք է օգտվեին այդ առիթից եւ կազմակերպությունների ղեկավարների եւ անհատ ակտիվիստների հետ միասին մշակեին Ադրբեջանի թեկնածությանը հակազդելուն ուղղված ռազմավարություն: Հետաքրքրականորեն համաժողովի օրակարգի թեմաներից մեկը «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի մասին» էր: Նման քննարկումներն օգտակար են, եթե միայն դրանց հաջորդում են կոնկրետ գործողություններ: Բարեբախտաբար, հայերի համընդհանուր համակարգման մեխանիզմի հիմքերը վերջերս դրվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքներում: Այս նպատակով, Երեւանում մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ նախնական նիստ: Թուրքիան արդեն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար, հենց այն ժամանակ, երբ հայերը նշելիս կլինեն Ցեղասպանության հարյուրամյակը: Հարց է առաջանում. «Արդյո՞ք հայերը չորս տարի հետո ավելի լավ պատրաստված կլինեն հակազդելու Թուրքիայի թեկնածությանը, քան արեցին այս տարի Ադրբեջանի թեկնածությանը հակազդելու հարցում»:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր