Տարոն Մարգարյանը` քաղաքապետ

01/11/2011

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի (ԳՄ) նիստ, որին անմիջապես հետեւել է խորհրդի նիստը: Ըստ ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովի` նախ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջարկել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվել է: Այնուհետեւ ԳՄ նիստի այս որոշումը ներկայացվել է ՀՀԿ խորհրդին, որում նույնպես Տ. Մարգարյանի թեկնածությունը, ըստ Է. Շարմազանովի` ընդունվել է միաձայն եւ ծափահարություններով: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` Երեւանի ավագանին քաղաքապետ պետք է ընտրի այդ պաշտոնը թափուր մնալուց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Այլ հարցեր ՀՀԿ 2 նիստերում չեն քննարկվել: Մեր տեղեկություններով` Տ. Մարգարյանի փոխարեն փոխքաղաքապետ կնշանակվի քաղաքապետարանում ՀՀԿ խմբակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը: «Նման հարց այսօր խորհրդի նիստում չի քննարկվել»,- մեր թղթակցին ասել է Է. Շարմազանովը: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերին մասնակցել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, չի մասնակցել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Չեն քննարկվել նաեւ կոալիցիային վերաբերող հարցեր: «Այսօր ընդամենը մի բան կարող եմ փաստել, որ կոալիցիոն ուժերը համախմբված են նախագահ Սարգսյանի շուրջ եւ կոալիցիոն հուշագրի կետերին հավատարիմ իրականացնում են իրենց աշխատանքները»,- ասել է Է.Շարմազանովը: