Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը մի քանի ժամ շարունակ ուղիղ եթերով ցուցադրվում էր «Արմնյուզով»։ «7օրն» «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանից ճշտել է, թե արդյոք ի՞նչ սկզբունքով էր եթեր տրամադրվել` վճարովի՞, թե՞ անվճար, եւ արդյոք այլ կազմակերպությունների համաժողովի դեպքում հեռուստաընկերությունը կհամաձայնի՞ այն հեռարձակել։ Ա. Ալեքսանյանը պատասխանել է, որ ուղիղ հեռարձակումը պայմանավորված էր նրանով, որ «այդ համաժողովը բացառիկ էր»։ «Բացառիկ էր այն առումով, որ երբեւէ իշխող կուսակցությունը չէր արել նման համաժողով: Երկրորդը` որ սա ոչ միայն իշխող կուսակցության հավաքն էր, այլ նաեւ` կառավարության երեք տարիների գործունեությունն ու հաշվետվությունը: Այսինքն` այստեղ նաեւ գործադիր իշխանության ներկայացվածությունն էր, եւ երրորդ` դա մեր նախաձեռնությունն էր. մենք էինք ցանկանում, որ մեր հեռուստադիտողները տեղյակ լինեին, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ում, ու նաեւ տեսնեին, թե ինչպես է վարչապետը մոդերացիա անում, նախարարությունները ի՞նչ հաշվետվություն են տալիս: Դա վճարովի եթեր չէր, ու դա քաղաքական եթեր չէր»,- ասել է նա։ Փաստորեն՝ ստացվում է, որ առաջին՝ ՀՀԿ-ն նույնացվում է կառավարության հետ, երկրորդ՝ քաղաքական կուսակցության կոնֆերանսի ցուցադրումը քաղաքական եթեր չէ, եւ երրորդ՝ մեր հեռուստաընկերությունները դեմ չեն լինի իրենց թանկարժեք ժամանակից մի քանի ժամ ծախսել, եթե, ասենք, Հայաստանի ֆեմինիստական շարժման անդամները որոշեն մերկ ակցիա կազմակերպել՝ հանուն արդար եւ ազատ ընտրությունների։ Դրանից էլ բացառիկ բա՞ն։ Մանավանդ, որ մարդիկ ավելի մեծ հետաքրքրությամբ կդիտեն։