BBC հեռուստաընկերությունը իր աշխատակիցների համար անցկացնում է թրեյնինգ` Էլիզաբեթ 2-րդ թագուհու մահվան դեպքում եթերում իրենց պահելաձեւի համար: Նման տեղեկություն է հրապարակել «Daily Mail» թերթը, ըստ որի` թրեյնինգի համար ձայնագրել են տեսաերիզ, որտեղ հայտնվում է 85-ամյա էլիզաբեթ թագուհու մահվան մասին: Այդ լուրը հայտարարելուց անմիջապես հետո էկրանին կհայտնվի թագուհու նկարը, եւ կհնչի Մեծ Բրիտանիայի հիմնը: Մինչեւ Էլիզաբեթ թագուհու հուղարկավորության արարողությունը, որը նախատեսվում է նրա մահվանից 12 օր հետո, BBC-ն կհետաձգի զվարճալի ծրագրերը: BBC-ն այս քայլը բացատրում է նրանով, որ նախապատրաստում է իր աշխատակիցներին ցանկացած տեսակի չնախատեսված իրադարձություններին: 2002 թվականին BBC-ն ենթարկվել է քննադատության այն բանի համար, որ մայր թագուհու մահվանից հետո հաղորդավարը էկրանին հայտնվել էր մոխրագույն կոստյումով եւ մուգ կարմիր փողկապով: