Մոսկվայի պետական համալսարանի պահպանողական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը Day.Az-ին տված հարցազրույցում ասել է, թե ԼՂ-ի եւ Ադրբեջանի համար նշանակալի է զինադադարի պահպանման ռեժիմը: «Դրա հետ միասին, ակնհայտ է, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի հետեւողականորեն եւ համակողմանի ձեւով զարգանում է, իսկ Ադրբեջանի զինված ուժերն ավելի ու ավելի են մեծացնում իրենց կարողություններն ու ավելի են հզորանում: Այդ իսկ պատճառով, իհարկե, կարող ենք մի իրավիճակի առջեւ կանգնել, երբ մի կողմից` ադրբեջանական պետության զարգացումը սոցիալ-տնտեսական ոլորտում, իսկ մյուս կողմից` Ադրբեջանի քաղաքական ազդեցության մեծացումը միջազգային ասպարեզում պարզապես անելանելի ու փակուղային իրավիճակ կստեղծեն պաշտոնական Երեւանի համար: Սրա հետ մեկտեղ, ժամանակն ավելի շատ կաշխատի Ադրբեջանի դիրքերի ամրապնդման օգտին, իսկ հայկական պետությունը վերջնականապես կկանգնի հասարակական-տնտեսական կոլապսի առջեւ»,- հայտարարել է Ալեքսանդր Դուգինը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը խորապես հետաքրքրված են Թուրքիայի եւ Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում: