Թռչկանը փրկվե՞ց

01/11/2011

Երեկ հայտնի է դարձել, որ «Ռոբշին» ՍՊԸ-ն դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը եւ տեխնիկան դուրս է բերում շինարարության տարածքից:

Այդ մասին տեղեկացրել են «Ռոբշին» ընկերությունից` հայտնելով, որ իրենք հիմք են ընդունել Բնապահպանության նախարարության առաջարկությունը, նաեւ որոշումը կայացվել է «քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով»: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտահայտող լուծումներ»,- նշված է «Ռոբշինի» տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, այսօր Բնապահպանության նախարարության առջեւ պետք է կայանար բնապահպանական բողոքի ցույց` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:

Այն նախաձեռնել էր «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ եւ նախաձեռնություններ: «Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չպակասի, Երեւանում շատ ավելի կարեւոր աշխատանք ունենք. կառավարությանն ու բնավերման նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը: Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ… մենք ենք այս երկրի տերը եւ մենք չենք վաճառում մեր Թռչկանը»,- նշված է բողոքի ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել գետի վրա 1050 կՎտ դրվածքային հզորությամբ հէկ կառուցելու համար: Բնապահպանները գտնում են, որ հէկ-ի կառուցումը կփոխի գետի հունը եւ զգալի վնաս կհասցնի ջրվեժին եւ տարածքի կենսաբազմազանությանը: Բնապահպան ակտիվիստների մի մեծ խումբ 24-ժամյա հերթապահություն է իրականացնում ջրվեժի մոտ, որպեսզի թույլ չտա հէկ-ի կառուցումը: