«Մենք հասկանում եւ ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է, եւ պետք է դասեր քաղել դրանից: Սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր եւ ամենօրյա շահարկումը»,- երեկ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նաեւ հավելել է. «Այսուհետեւ պաշտպանական գերատեսչությունն առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով, ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ եւ հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»: Կոլեգիայի նիստի ընթացքում Ս. Օհանյանն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին: ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Օհանյանը խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ: