Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական եւ այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին: Ս. Սարգսյանին ներկայացվել է, որ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի պոլիկլինիկական եւ հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական մասնաշենքն` իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման եւ ջեռուցման համակարգերով, կաթսայատնով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը կահավորվել եւ հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով: Նշվել է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են նաեւ տարաբնույթ խորhրդատվական եւ կրթական բնույթի աշխատանքներ: ՀՀ կառավարության եւ ՀԲ-ի կողմից կատարված ընդհանուր ներդրումները Ապարանի բժշկական կենտրոնում կազմում են 1 միլիարդ 214 միլիոն 602.000 դրամ (շուրջ 3 միլիոն 248.000 դոլար): Ի դեպ, Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Ս.Սարգսյանն այցելել է նաեւ Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն, Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարան: