Տաշտակի, ձկնիկի եւ պառավի մասին

29/10/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ դարձյալ ստիպված եղավ մեկնաբանել իր կողմից արված հերթական հայտարարությունը եւ մեղքը բարդել լրատվամիջոցների վրա:

Այս անգամ, սակայն, հուսադրողն այն է, որ Տ. Սարգսյանը չհայտարարեց, թե «կոտրած տաշտակի առջեւ կանգնելու» վտանգի մասին ԲՀԿ-ին անուղղակիորեն հասցեագրված իր զգուշացումը դարձյալ հումորի ժանրից էր: Անկախ դրանից, փաստորեն, Տ. Սարգսյանի մոտ սովորություն է դառնում ամեն անգամ հրապարակային ելույթ ունենալուց հետո հավելյալ մեկնաբանությամբ հանդես գալը եւ ինքն իրեն հերքելը: Եթե նման անլրջություն դրսեւորեր շարքային ՀՀԿ-ականը, գուցե հասկանալի լիներ, սակայն, հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետին, ով քաղաքական դաշտում առանցքային դերակատարում ստանձնելու անթաքույց նկրտումներ ունի` ընդհուպ մինչեւ ՀՀԿ ցուցակը գլխավորելու հնարավորությունը: Նա, փաստորեն, ՀՀԿ-ի անդամատոմսեր բաժանելն ավելի հեղինակավոր գործողություն է համարում, քան իր խոսքը, որը պարբերաբար վերաշարադրելու անհրաժեշտություն է ունենում:

Նշենք, որ «կոտրած տաշտակի առջեւ հայտնվելու» մասին Տ. Սարգսյանի հայտարարության օրը երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, թե այդ հանդիպման ժամանակ քննարկվել են որոշ օրինագծեր: Սակայն, մեր տեղեկություններով, այդ հանդիպման առանցքը եղել է վերջին շրջանում քննարկվող ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր հակասությունը` դրանից բխող հետեւանքներով: Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ մեր աղբյուրների` Հ. Աբրահամյանը դժգոհել է, որ Տ. Սարգսյանն ԱԺ-ն օգտագործում է իր քաղաքական հայտարարությունների համար, այն դեպքում, երբ ՀՀԿ-ում քաղաքական հանձնաժողովի նախագահը ոչ թե Տ. Սարգսյանն է, այլ` ինքը, եւ անհրաժեշտության դեպքում ինքը կարող է հանդես գալ համապատասխան հայտարարություններով: Սրանով, ըստ Հ. Աբրահամյանի` Տ. Սարգսյանը փորձում է հաստատել մամուլում շրջանառվող այն լուրերը, թե այսուհետ ինքն է իրավասու ներկայացնել ՀՀԿ ղեկավարության դիրքորոշումը: Իսկ Գ. Ծառուկյանն էլ, մեր տեղեկություններով` Ս. Սարգսյանին ասել է, որ եթե շարունակեն ԲՀԿ-ի հետ նման «զգուշացումներով» խոսել, ապա իրեն այլեւս ոչինչ չի մնա, քան կոալիցիայից դուրս գալը, ինչի մտադրությունն ինքն այսօր չունի: Ըստ նույն աղբյուրների, Ծառուկյանը Ս. Սարգսյանին նաեւ ասել է, թե ով է մամուլում ապատեղեկատվություն տարածել` կոալիցիայի կազմից ԲՀԿ-ի դուրս գալու մասին` հորդորելով վերջ դնել այդ մեթոդներով աշխատաոճին:

Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը չորեքշաբթի օրն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն ՀՀԿ-ի հետ` կհայտնվեն շահեկան վիճակում, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն «կոտրած տաշտակի» առջեւ: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ական վարչապետի այս զգուշացումը վերաբերում էր բացառապես ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն իբր մտադրություն ունի դուրս գալ կոալիցիայի կազմից: Տ. Սարգսյանի այս հայտարարությունից հետո, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջել ՀՀԿ-ից` միաժամանակ պահանջելով, որպեսզի անձամբ Տ. Սարգսյանը հանդես գա պարզաբանմամբ եւ հայտարարի, որ ինքն այդ հայտարարությունն անելիս` նկատի չի ունեցել ԲՀԿ-ին: Վարչապետի «մեղայականը» չուշացավ, եւ երեկ առավոտյան Տ. Սարգսյանի խոսնակ Արամ Անանյանը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, թե իր ղեկավարի վերոնշյալ հայտարարությունն ուղղված չի եղել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներին. «ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է: Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին` այն դեպքում, երբ խոսքը ՀՀ նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն` ինքնանպատակ պայքար են ծավալում»,- իրավիճակը փորձել է մեղմել Ա. Անանյանը:

Իսկ երեկ ԱԺ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Տ. Սարգսյանն արտահայտել է ընդամենը իր կարծիքը, իսկ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետներն իրավասու են արտահայտել միայն ՀՀԿ նախագահն ու փոխնախագահները: «Դա կուսակցության հայտարարություն չէ, քանի որ միայն նախագահն ու փոխնախագահներն են իրավասու հայտարարություններ անելու: Այս պահին պատշաճ չէ, որ ես մեկնաբանեմ վարչապետի խոսքերը: Այլ անդամներ կարող են արտահայտել միայն իրենց տեսակետները: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե վարչապետը ցանկացել է ասել այն, ինչ քննարկվում է այս երկու օրերին»,- ասել է Գ. Սահակյանը: Միաժամանակ, Գ, Սահակյանն այն կարծիքին է, որ վարչապետը որեւէ մեկին չի վիրավորել իր այդ հայտարարությամբ. «Մեր քաղաքական սկզբունքը համագործակցությունն է, քաղաքական հիմնախնդիրների համատեղ լուծումը: Ամեն ընտրություններից հետո մենք փորձել ենք միավորել ժողովրդի առավելագույն վստահությունը վայելող ուժերին: Կարծում եմ` վարչապետը հենց այդ միտքն է արտահայտել: Եթե դա որեւէ մեկին վիրավորում է, ապա դա նրա խնդիրն է»: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով այս թեմային, սահմանափակվել է հղում անելով ՀՀ վարչապետի մամլո խոսնակի պարզաբանմանը` հավելելով. «Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, թե վարչապետի այդ արտահայտությունն իրեն հիշեցրել է ՀԱԿ-ի` «ով մեզ հետ չէ, տականք է» արտահայտությունը: «Այն ինձ հիշեցրեց մի քննադատություն, որը հնչեցնում էին արտախորհրդարանական ընդդիմության, նաեւ մեր կողմից, անկեղծ ասած, անընդունելի այն թեզը` «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է, տականք է»: Դա գրեթե նույնաբովանդակ կարգախոսն էր` հերթական անթույլատրելի կարգախոսը»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին էլ ավելի շատ հետաքրքրում էր, թե ով է տաշտակը, ձկնիկը եւ պառավը, ինչին ի պատասխան` Ս. Սաֆարյանն ավելացրել է. «Երեւի նկատի է ունեցել հետեւյալը. ով մեզ հետ չէ, մոտ չէ կերակրատաշտին»:

Հ.Գ. Երեկ Գ. Սահակյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերին` ասելով, թե պետք չէ դրանց այդքան ուշադրություն դարձնել, քանի որ դրանք սովորական նիստեր են եւ քաղաքական բնույթ չեն կրում: «Հանրապետականի գործկոմի նիստերն իրենց գրաֆիկներն ունեն: Սա ՄԱԿ-ի ասամբլեան չէ, ուշադրություն մի դարձրեք, մենք նախընտրական ոչինչ չենք քննարկում, այլ ներկուսակցական հարցեր»,- նշել է Գ. Սահակյանը: