ԶԼՄ-ներից ո՞վ է «այո» կամ «ոչ» քարոզում

18/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մոնիտորինգը սկսվել է նոյեմբերի 5-ից եւ շարունակվելու է մինչեւ 25-ը ներառյալ: «Մամուլի ակումբի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ մոնիտորինգի նպատակը Սահմանադրության փոփոխությունների նոյեմբերի 27-ին նախատեսված հանրաքվեի նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը որոշելն է եւ, թե որքանո՞վ համարժեք են ԶԼՄ-ները հասարակությանը տեղեկացնում առաջիկա հանրաքվեի, սահմանադրական փոփոխությունների մասին: Մոնիտորինգի համար ընտրվել է ընդամենը 4 հեռուստաընկերություն՝ «Հանրային հեռուստատեսություն», «ԱԼՄ», «Արմենիա» եւ «Հ2»: Տպագիր մամուլից՝ «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Առավոտ», «Ազգ», «Հայոց Աշխարհ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը: Վերցված են թերթային այն հրապարակումներն ու հեռուստաընկերությունների լրատվական, վերլուծական ծրագրերը, որոնցում առկա է հանրաքվեի, սահմանադրական փոփոխությունների ցանկացած հիշատակում: Մոնիտորինգի նոյեմբերի 5-12-ի դիտարկման առաջին շաբաթվա արդյունքներն այսպիսին են:

Հեռուստաընկերություններ

 «Հ1»-ից եղել է «Հայլուր» լրատվական թողարկման 7 դիտարկում, որի հեռուստանյութերի ընդհանուր թիվը 192 է եւ որոնցից 30-ը վերաբերել են հանրաքվեին ու սահմանադրական փոփոխություններին: Դրանցից դրական են ընկալվել 14-ը, բացասական՝ 5-ը եւ չեզոք՝ 11-ը: Ակնհայտորեն գերակշռում է դրական մատուցումը: Դիտարկման ընթացքում եթեր է հեռարձակվել «Հ1»-ի «360 աստիճան» հաղորդման 1 թողարկում, որի համար պատրաստվել է 6 հեռուստանյութ, եւ 2-ը դիտարկվող թեմայով է եղել. 1-ը՝ դրական, 1-ը՝ չեզոք: Արթուր Բախտամյանի «5-րդ անիվի»` հանրաքվեի հետ կապված 1 հաղորդումը չեզոք է դիտարկվել: Եթերում ցուցադրվել է «Խաչմերուկի» 3 հաղորդում, որոնք բոլորն էլ նվիրված են եղել հանրաքվեին եւ սահմանադրական փոփոխություններին: 2-ը միանշանակ դրական են ընկալվել, 1-ը` բացասական: «ԱԼՄ» հեռուստաընկերության «Օրեցօր» լրատվական ծրագրի 8 թողարկում է եղել, 122 նյութերից 17-ը վերաբերել է հիշյալ թեմային: 8-ը՝ դրական, 3-ը՝ բացասական, 6-ը՝ չեզոք: Տիգրան Կարապետյանի «Դիրքորոշում» 1 հաղորդումը մասնակիորեն է անդրադարձել թեմային եւ հիմնականում չեզոք է ընկալվել: «Հարցի արժեքը» 3 հաղորդումները մասնակիորեն վերաբերել են դիտարկվող թեմային, որից 2-ը` դրական, 1-ը չեզոք է ընկալվել: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական թողարկման 8 հաղորդման, 78 հեռուստանյութերից 22-ը հիշյալ թեմայով է եղել: 15-ը՝ դրական, բացասական՝ 0 եւ չեզոք՝ 7-ը: Հեռարձակված «Իրականում» 5 հաղորդումներից 4-ը դիտարկման թեմայով են եղել, որոնցից 3-ը` դրական, 1-ը՝ բացասական է ընկալվել: «Հ2» հեռուստաընկերության հեռարձակած «Լրաբեր» լրատվական ծրագրի 141 հեռուստանյութերից 26-ը վերաբերել են թեմային: 14-ը՝ դրական, 2-ը՝ բացասական եւ 10-ը՝ չեզոք: Կիրակնօրյա «Լրաբերի» 1 հաղորդման 8 հեռուստանյութերից 2-ը վերաբերել են թեմային եւ 2-ն էլ միանշանակ դրական են ընկալվել: Արամ Սաֆարյանի «Խոսքի իրավունքի» 2 հաղորդումները նվիրված են եղել թեմային, 1-ը՝ դրական, 1-ը՝ չեզոք: «4-րդ ստուդիա» 5 հաղորդումներից 3-ը դիտարկման թեմային են վերաբերել, իսկ 2-ը մասնակիորեն առնչվել են թեմային: 4-ը՝ դրական, 1-ը բացասական է ընկալվել:

Թերթեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լույս տեսած 6 համարներից հանրաքվեի եւ սահմանադրական փոփոխությունների հիշատակումները 41-ն են, որոնցից 25-ը միանշանակ դրական է եղել, 16-ը՝ չեզոք, իսկ բացասական ընդհանրապես չի եղել: «Ազգ» օրաթերթի 6 համարներում 10-ը վերաբերել է թեմային, իսկ հիշատակումներից 2-ը՝ դրական, 4-ը` բացասական, 4-ը՝ չեզոք է դիտարկվել: «Առավոտ» օրաթերթի 6 համարներում թեմային առնչվող 61 նյութ է եղել, որից 5-ը՝ դրական, 12-ը՝ բացասական եւ 44-ը չեզոք է: «Հայկական ժամանակի» 6 համարներում եղել է 52 հիշատակում, որից 4-ը՝ դրական, 21-ը՝ բացասական, իսկ չեզոք՝ 27-ը: «Գոլոս Արմենիիի» 4 թողարկումներից 17-ը վերաբերել է դիտարկման թեմային, որից 9-ը` դրական, 8-ը չեզոք է եղել: «Ռեսպուբլիկա Արմենիի» 2 թողարկումներից 13 հիշատակում է եղել, որոնցից 5-ը՝ դրական, 8-ը՝ չեզոք է ընկալվել: «Հայոց Աշխարհի» 6 համարներից 42 հիշատակում է եղել, 19-ը՝ դրական, 1-ը՝ բացասական, 22-ը՝ չեզոք: