ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքում անդրադառնալով ատոմակայանի խնդրին` ասաց, թե 90-ականներին ոչ ոք չէր հավատում, որ կանգնեցված ատոմակայանը կարելի է վերագործարկել, բայց այն վերագործարկվեց: Նրա խոսքով` ատոմակայանը փակելով` ՀՀ-ն այսօր նաեւ մեկ ուրիշ շատ կարեւոր քաղաքական կռվան է բաց թողնում իր ձեռքից` ազատություն տալով մեր հարեւանների պատերազմական մղումներին: «Ատոմակայանը պետք է աշխատի ու պետք է աշխատի մինչեւ այն ժամանակ, մինչեւ նորը չկառուցվի»,- ասաց նա: Հ. Բագրատյանի խոսքով` «Ատոմակայան բացելը պակաս բարդ հարց չի եղել, քան Ղարաբաղն ազատագրելը: Հիմա մի քանի կոպեկ աշխատավարձի համար ատոմակայան են փակում, էդ ո՞ւմ են ուզում հաճոյանալ: Էդ ատոմակայանի ինքնարժեքն ավելի բարձր չէ, քան ֆրանսիական ցանկացած ատոմակայանինը, էդ ինչպե՞ս է, որ էնտեղի աշխատողը 5000 եվրո է ստանում»: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված` եկեղեցուն հարկերից ազատելու վերաբերյալ օրինագծին, Հ. Բագրատյանը նշեց. «Հասկացանք, Հայ Առաքելական եկեղեցին է, հասկացանք, սրբություն է, բայց եկեղեցուն հարկային արտոնություններ տալն անիմաստ է: Հիմա էլ այդ ցուցակը թողել են կառավարությանը, ինչը Սահմանադրության խախտում է, որովհետեւ հարկային արտոնություններ տալիս է միայն ԱԺ-ն: Թե ինչ կանի Տիգրան Սարգսյանը` պարզ է»: