Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի խոսքով` տարածված լուրերը, թե Ախթալայում համասեռամոլությունը մեծ տարածում ունի` իրականությանը չի համապատասխանում:
«Ես հրավիրում եմ Ձեզ Ախթալա, եւ Դուք ինքներդ կհամոզվեք, որ նման բան չկա Ախթալայում: Համասեռամոլությունը տարածում չի գտել Ախթալայում, պարզապես 2009-ից հետո, երբ Սերոբ Տեր-Պողոսյանն իր վարչական շենքում հիմնավորվեց, այն ժամանակվանից սկսեց մի քանի հոգու հավաքագրել»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ախթալայի քաղաքապետը: Նրա խոսքով` մանկապղծության մեջ մեղադրվող, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի օգտին վկայություն տալու համար խոշոր գումարներ են տալիս: Ըստ քաղաքապետի` խոսքը 25.000 դոլարի մասին է: «Դա մոտ է ճշմարտությանը, որովհետեւ այն տուժածների ծնողները, որոնք պետք է գնան պաշտպանեն իրենց շահերը, անում են հակառակը: Այսինքն` չեն բողոքում, իսկ վկաներն էլ, ովքեր էլի պետք է ասեն այն, ինչ եղել է, թաքցնում են»,- ասաց Հ. Խաչիկյանը: Նրա ասելով` Ս. Տեր-Պողոսյանից տուժել են ընդհանուր հաշվով 10 երեխաներ, որոնք կարիքավոր ընտանիքներից են եւ միակողմանի` հոր կողմից ծնողազուրկ: «Երբ տուժածի մայրը չի բողոքում, հավանական է, չէ՞, որ ինչ-որ բան արել են` կա՛մ փող են տվել, կա՛մ ահաբեկել են: Ես ինքս չեմ հանդիպել այդ ընտանիքներին, եւ ցանկություն էլ չունեմ հանդիպելու: Եթե նրանք նորմալ մարդիկ լինեն, այսօր այդպես չեն վարվի»,- ընդգծեց Ախթալայի քաղաքապետը, ում փոխանցմամբ` Սերոբ Տեր-Պողոսյանի կինն ու եղբայրը, ովքեր այսօր ղեկավարում են կոմբինատը, միջնորդավորված հանդիպում են տուժածների ծնողներին, որոնցից ոմանք աշխատում են կոմբինատում: Քաղաքապետի խոսքով` այսօր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն» աշխատանքի այլեւս չի ընդունում Ախթալայի գրանցում ունեցող բնակիչներին: «Այսօր Ախթալայից ընդհանրապես մարդ չեն ընդունում, երբ ինչ-որ մեկն էլ դուրս է գալիս աշխատանքից, այդ պարագայում անգամ մարդ չեն ընդունում, իսկ մյուսների վրա էլ պատճառներ են ման գալիս, որ աշխատանքից ազատեն: Դեպքեր արդեն կան: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են այդպես վարվում` միգուցե մտածելով, որ ախթալացիները տեղ չունե՞ն Ախթալայի ֆաբրիկայում: Նրանք դրսից են ընդունում մարդիկ»,- մեզ հետ զրույցում ասաց Ախթալայի քաղաքապետը` տեղեկացնելով, որ պատրաստվում է վերոնշյալ հարցով դիմել Լոռու մարզպետին: Հ. Խաչիկյանի տվյալներով` 2010թ. Ախթալայի կոմբինատում աշխատում էր շուրջ 600 մարդ, որից 300-ն ախթալացիներ էին: Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս անդրադարձել է մանկապղծության մեջ մեղադրվող Ս. Տեր-Պողոսյանի արարքներին, եւ մեկ անգամ չէ, որ Ախթալայի բնակիչները պատմել են կոմբինատի սեփականատիրոջ եւ անչափահաս երեխաների հետ սեռական կապի մասին, որի դիմաց Ս. Տեր-Պողոսյանն իրենց գումար էր տալիս: Տուժող երեխաներից մեկը նույնիսկ նշել էր, որ Սերոբ Տեր-Պողոսյանը «բարի պապիկ է»: Հիշեցնենք նաեւ, որ մանկապղծության մեջ մեղադրվող Ս. Տեր-Պողոսյանի վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր) նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, մինչդեռ նախնական մեղադրանքով` ՔՕ 114 հոդված, սահմանվում է տուգանքից մինչեւ 2 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ` հնարավոր էր համաներման կիրառում: