Արտագաղթի թեման իր թարմությունը չի կորցնում: Որպես արտագաղթելու հիմնավորում` մարդիկ բերում են հասկանալի շատ պատճառներ` նվաստ ու անհեռանկար կյանք, դիլետանտ ու կաշառակեր կառավարիչներ, բանակում ծառայելու վախ, եւ այլն, եւ այլն: Սակայն բնական պաշարների օգտագործման տգետ ու ապաշնորհ մեթոդները, բնության հանդեպ իշխանությունների տարօրինակ վերաբերմունքը պատճառ է դառնում արտագաղթի նոր տեսակի` էկոլոգիական արտագաղթի: Այսինքն` երբ քո շենքից մեկ-երկու մետր հեռավորությամբ նոր բարձրահարկ է կառուցվում` անհամեմատ մեծացնելով սեյսմոլոգիական վտանգը, կամ երբ Հայաստանի տվյալ աշխարհագրական վայրում բնակվելը եւ ապրելը դառնում են անհամատեղելի: Այո՛, կա՛ «էկոլոգիական» արտագաղթ: Այս մտահոգությունը կիսում է նաեւ Էկոլոգ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման» եւ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը:
– Տիկի՛ն Դանիելյան, մեր վերաբերմունքը բնության հանդեպ այսքան անխնա է, որովհետեւ անխնա ենք միմյա՞նց հանդեպ, թե՞ հակառակը:
– Հավի ու ձվի պատմությունն է. երկուսն էլ: Երեւի փոփոխություններ պետք է լինեն երկու մակարդակով, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ էկոլոգիական մտածելակերպ ունեցող մարդը անգութ լինի մարդկանց նկատմամբ, եւ, առհասարակ, վերաբերմունքը քո շրջապատի նկատմամբ` կենդանի թե անկենդան (թեեւ ինձ համար «անկենդան բնություն» հասկացություն գոյություն չունի), միանշանակ կապակցված են:
– Այսօր հարվածի տակ է Թռչկանի ջրվեժը: Ունենք քաղաքներ, ուր օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրվածի սահմանը` Երեւան, Հրազդան, Աբովյան: Երբ շահագործվեն Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանձ գյուղի երկաթի հանքերը, բնակիչների համար դա կլինի արդեն գրեթե մահախոսական:
– Բիրտ ուժի գերակայությունն է ամենուրեք: Ով հնարավորություն ունի ճնշելու իրենից թույլին, դրանից օգտվում է: Եվ քանի որ բնությունը, մեր ընկալմամբ, անպատասխան է, մեզանից թույլ է, ուրեմն նույն ձեւով վարվում ենք նաեւ բնության հանդեպ: Բայց մենք չարաչար սխալվում ենք, որովհետեւ բնությունը գերհզոր ուժ է, պարզապես նրա պատասխանները չենք հասկանում: ՄԱԿ-ն ունի վիճակագրություն: Ըստ այդմ` տասը տարին մեկ աղետները կրկնապատկվում են: Վերջին տարիներին այդ տեմպերն ավելի են արագացել: Եվ արդեն չի աշխատում գաղափարը, թե մարդն այնքան գեոֆիզիկական ուժ չէ, որ կարողանա փոխել մոլորակում ընթացող բնականոն երեւույթները: Ակնհայտ է, որ մեր միջամտությունն ընդերքին բերում է երկրաշարժերի այստեղ կամ այնտեղ: Ի դեպ, դա կարող է կիրառվել որպես բիոֆիզիկական զենք: Աղտոտված օդը, հատված անտառները, աղտոտված օվկիանոսը, ջրային մյուս պաշարները բերում են կլիմայի փոփոխության: Իսկ դա անմիջապես անդրադառնում է կենսաբանական բոլոր տեսակների, մարդու գործունեության վրա: Հիմա արդեն գիտականորեն ապացուցված է, որ ջուրը բանական է` կրում եւ տեղափոխում է ինֆորմացիա: Տեսեք «Աստվածաշնչում» ջուրն ինչ մեծ դերակատարություն ունի: Մկրտությունը ջրով է արվում: Եվ արդյո՞ք մեր կապը Տիեզերքի հետ նաեւ ջրային միջավայրով չի լինում:
– Մեր վերաբերմունքը բնության հանդեպ ցայտուն երեւում է մայրաքաղաքի կենտրոնի շինություններով: Եվ երբ թվում էր, որ Կենտրոնում այլեւս ազատ սանտիմետր չի մնացել, Երեւանի գլխավոր ճարտարապետն, այնուամենայնիվ, գտավ այն տարածքը, ուր հարմար է նոր հյուրանոց կառուցել` մետրոյի «Հանրապետություն» կայարանի հարեւանությամբ:
– Ոչ թե կառուցել, այլ խցկել: Ապշեցուցիչ է. Երեւանն աբսուրդի ենք հասցնում: Երբ երկու շինությունների արանքում մի քանի մետր տարածք կա, ուրեմն այդտեղ մի էլիտար բարձրահարկ շենք պետք է խցկվի: Եթե զրուցում ենք էկոլոգիական փախստականների մասին, ապա կարծում եմ` ունենք այդպիսիք: Օրինակ` Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Կան մարդիկ, որ ուղղակի գաղթեցին կամ ինֆարկտից մահացան: Այստեղ խախտվում էր մարդու սոցիալական, էկոլոգիական իրավունքը: Կողբացի-Պուշկին փողոցների անկյունի բակում բնակիչները պայքարի մեջ են մտել` կառուցում են նոր շենք` խախտելով իրենց շենքի հիմքերը: Այդ մարդկանց հետ զրուցել եմ. ասում են` եթե այս շենքերը կառուցվեն, կթողնենք, կգնանք: Նույնը Նալբանդյան-Սայաթ Նովա անկյունի շենքը. կար փոքր, կանաչապատ մանկապարտեզ, քանդում են, էլիտար կառուցում: Նկարներ են բերում, թե ինչպես է կռունկն ուղղակի մտնում շենքի մեջ: Իգիթյանի մանկական կենտրոնի հարեւան բակում բարձրահարկ շենք կա, մեկն էլ նորից կառուցում են: Մարդիկ զանգահարում են եւ վախենում են անգամ իրենց անունները հրապարակել, ասում են` վախենում ենք, կվնասեն: Դա ցույց է տալիս, թե որքան են մարդիկ ճնշված: Չի կարելի այսպիսի մթնոլորտում ապրել: Այս տիպի մարդիկ ստիպված են հեռանալ երկրից, եւ նրանց կարելի է կոչել էկոլոգիական արտագաղթյալներ:
– Ի՞նչը կարող է ստիպել մարդուն այսօր հատել ծառ, երկու շենքի արանքում նոր շենք կառուցել: Գուցե դժվար, անապահով մանկությո՞ւն են ունեցել: Նման սպառողական վերաբերմունքը հանքերի, անտառների, Սեւանի հանդեպ, խոշոր հաշվով, թուլամտության դրսեւորում է: Այսինքն` կապիտալ կուտակել` ոչնչացնելով բնությունը, վտանգել իրենց հայրենակիցների առողջությունը, հիվանդ հոգեբանության դրսեւորում է:
– Ես բարձր կարծիք ունեմ մեր ազգի տաղանդի, լեզուների հանդեպ հակումի եւ այլ դրական գծերի մասին: Բայց մենք մի մեծ թերություն ունենք` մեր ագահությունը, եւ դա մեզ խեղդում է: Նաեւ նախանձը: Դարերով դա մեզ խանգարել է, եւ մեր դժբախտությունների զգալի մասն այդտեղից է գալիս: Մարդու հետ խոսում ես, զգում ես` նրա աչքերում փայլում է միտքը` ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Այս պահին հարստանամ, երեխաներիս փող թողնեմ: Հայաստանում վա՞տ կլինի, կթողնեմ-կգնամ` Իսպանիայում էլ վիլլա ունեմ, Փարիզում էլ: Երբ մեր իշխանավորները, ովքեր փող են դնում եւ այլ երկրներում վիլլաներ կառուցում, չեմ հավատում, թե նրանք կարող են երկրի մասին մտածել: Արտագաղթին նպաստում է ոչ միայն քաղաքաշինությունը, այլեւ հանքարդյունաբերությունը: Մի քննարկման ժամանակ Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչն ասաց. «Ի՞նչ է եղել, եթե ոսկի գտնվի անգամ Սեւանի տակ, պիտի հանենք»: Այս մտածելակերպով ողջ երկիրը դրել ենք հանքարդյունաբերության տակ: Հիմա եթե Հրազդանի բնակիչները բողոքում են, եւ նրանց ոչ ոք չի լսում, ասում են` մենք ոչ թե հանքի կողքից կտեղափոխվենք, այլ կթքենք ամեն ինչի վրա ու երկրից կհեռանանք: Այսօրվա էկոլոգիան վաղվա էկոնոմիկան է:
– Մենք մինչ օրս թյուրիմացաբար վստահ ենք, որ ուժի մեջ են խորհրդային ծագում ունեցող մտքերը` «Մարդը բնության տիրակալն է»: Թե՞ զարդը:
– Մի առիթով Ռաջիվ Գանդին ասել է, թե քաղաքակրթության մշակույթը պետք է փոխվի, էկոլոգիական կրթությանն առաջնահերթություն տրվի: Արեւմտյան քաղաքակրթության մասին նա ասաց. «Ձեր մշակույթը պետք է փոխվի, քանի որ դուք մարդուն դրել եք անգամ բնությունից բարձր: Արեւելյան մշակույթն այդպիսին չէ. հնդիկը արթնանալիս` բարեւում է արեւին, բնությանը»: Այո՛, զարգացած երկրներն անցել են այն փուլը, որում հիմա մենք ենք: Իրենք եւս ոչնչացրել են կենսաբազմազանության զգալի մասը, հիմա վերականգնում են, բայց կենսաբազմազանությունը ամբողջովին վերականգնել չեն կարողանում: Պարտադիր չէ, որ մենք կրկնենք նրանց սխալները: Հայաստանը մոլորակի այն եզակի տարածքներից է, որը համարվում է տեսակների ձեւավորման հայրենիք: Այս առումով մեր կենսաբազմազանությունն հսկայական նշանակություն ունի, մեր գենետիկական ռեսուրսները մեծ հարստություն են: Մենք դա կարծես չենք հասկանում, իսկ աշխարհը հասկանում է: Տեսեք` գումարներ են տրամադրում մեր պահպանվող տարածքներին: Ուր գնաս եւ ասես` ես Հայաստանից եմ, եւ մասնագիտական շրջանակներում մարդկանց աչքերը փայլում են: Հիշենք եւս մեկ անգամ` Հայաստանը մոլորակի կենսաբազմազանության ամենակարեւոր կենտրոններից է… Եկեք մեր պահպանվող տարածքները չդարձնենք որսորդության, զվարճանքի վայր:
Հ.Գ. Վերջերս երգահան Ռուբեն Հախվերդյանն ասել էր, թե ինքը Հայաստանից չի հեռանա, քանի որ պոմիդորն այստեղ դեռեւս համեղ է: Պոմիդորի շրջանի ավարտին երգահանը, հանդիպելով լրագրողներին, ազդարարեց, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Ավելի ուշ նա այդ հայտարարությունը վերագրեց իր անսահման սրամտությանը: Լինենք արդար, սրամտությունը պակաս համեղ էր, քան նույնիսկ աշնանային, կիսակարմիր պոմիդորը …