Քրիստինեն փոքրիկ ու նուրբ մատներով շոշափում է բազմոցի մակերեսը: Մատներն ինչ-որ բան որոնելիս այնքան ճկուն ու վարժ են, կարծես բազմոցի փոխարեն` դաշնամուրի ստեղնաշարի վրա են շարժվում: Ձեռքերով փնտրածը չգտնելու վախից 5-ամյա երեխան սկսում է տագնապով հեւալ: «Մամա, ձեռքդ տուր, հա»,- ասում է ու անհամբեր սպասում է այն ձեռքին, որը սեղմած պահելով` իրեն ապահով ու պաշտպանված է զգում: Երկու ձեռքով ամուր սեղմում է մոր ձեռքն ու խաղաղվում է: Քրիստինեի ճերմակ մատներն առայժմ նուրբ ու փխրուն են, բայց տարիներ հետո կկոշտանան, կկոպտանան իրենց վրա դրված ծանր բեռը հաղթահարելիս: Մատները Քրիստինեին եւ իրականությունը կապող միակ օղակն են, թեեւ իրականությունն այս փոքրիկի համար առայժմ խորհրդավոր ու անիմանալի է: Գլուխը կախ ինչ-որ բան է մտմտում` «Երբ Լուսինեն գա, կասես` բարեւ Լուսինե քույրիկ, դու ինձ կնկարե՞ս: Լուսինե քույրիկ, աչքերս նկարի, որ ինձ բուժեն, էլի»: Փոքրիկի խոսքերն ինձ «ավերում» են… Քրիստինեն չափազանց հետաքրքիր մարդ է: Նախապես ծրագրել է ինձ դիմավորելու «բարեւի» խոսքը ու ծնողների խոսակցություններին ականջալուր լինելով` հասկացել է, որ վերջիններս իրենցից հույսը կտրել ու մարդկանց հետ են հույսեր կապում: Առայժմ չի գիտակցում, որ ինքը բուժման կարիք ունի, ու, որ ծնողները կեսմարդ են դառնում, որպեսզի երբեւէ այս երեխան լույս տեսնի: Հիմա չի հասկանում, բայց հետո շատ է տառապելու. չափազանց շատ: Հասկանալով, որ ձեռքը դատարկ է, կրկին անհանգիստ կանչում է` «Մամա, ո՞ւր ես, ձեռք տուր, հա»: Մայրը` Արաքսյան, ուր էլ լինի` ճիշտ ժամանակին աղջկա կանչից անմիջապես իրեն գցում է այնտեղ, որտեղ Քրիստինեի ձեռքն է: Քրիստինեի համար մոր ձեռքը զգալը թթվածնի նման անհրաժեշտություն է: «Նորմալ հղիություն եմ ունեցել, ոչ մի խնդիր չեմ ունեցել: Քրիստինես անհասիկ ծնվեց, 900 գրամ քաշով: Մուրացանի հիվանդանոցում ծննդաբերելուց հետո, մեկ օր անց ուղարկեցին 1-ին հիվանդանոց: Կուվեյզի մեջ էին պահում, թթվածին էին տալիս: Հետո դուրս գրեցին` բժշկական պատմության մեջ գրելով, որ նա առողջ է»,- պատմում է Արաքսյան` ասելով, որ տուն են վերադարձել` չկասկածելով անգամ, որ երեխան կարող է առողջական խնդիր ունենալ: 6 ամսականում Արաքսյան եւ ամուսինը` Վաչիկը, հասկացել են, որ մեծանալու հետ մեկտեղ` երեխան չի արձագանքում շարժումներին, եւ աչքերի արտահայտության հետ ինչ-որ բան այնպես չէ: «Տարանք 8-րդ հիվանդանոց: Ստուգեցին ու…»: Ու ասացին, որ Քրիստինեն ընդհանրապես տեսողությունից զրկված է: Երեխան չի տեսնում: Տեղի մասնագետները խորհուրդ են տվել անհապաղ տեղափոխել Լենինգրադ` ասելով, որ Հայաստանում անհաս ծնված կույր երեխաների վիրահատության փորձ չկա: «Երբ իմացանք… չգիտեմ ինչպես նկարագրել: Մենք էլ սովորական ապրող մարդիկ ենք: Գումար, հնարավորություն չունեինք, բայց քանի որ երեխայի ճակատագրի հարցն էր, վաճառեցինք բնակարանն ու անմիջապես տատիկի հետ ուղարկեցինք Սանկտ Պետերբուրգ»,- ասում է Արաքսյան: Քրիստինեի տատիկն ասում է, որ Ռուսաստանում հայտնի մասնագետ Արթուր Բարանովը մանրամասն հետազոտություններ կատարելուց հետո բարկացած ասել է` «Երեխային շատ են թթվածին տվել: Նախատեսվածից շատ-շատ, որը լրիվ վնասել է տեսողությունը: Դուք կարող եք գնալ եւ անմիջապես դիմել դատարան` այդ բժշկին պատասխանատվության ենթարկելու համար: Երեխան տեսողությունից զրկվել է բժշկի անփութության կամ ոչ մասնագիտական մոտեցման պատճառով: Նա ասում էր` եթե շուտ բերեիք, անմիջապես կբուժեինք, բայց շատ եք ուշացրել, որի պատճառով ձախ աչքի տեսողությունն այլեւս չի վերականգնվի»: Տիկին Ծովինարը վստահեցնում է, որ թոռնուհուն վիրահատող ռուս բժիշկն ապշել է բժշկի կատարած սխալի վրա: Ինչեւէ, Ա. Բարանովը երեխային վիրահատել է` ասելով, որ մեկանգամյա վիրահատությունն արդյունք չի ունենալու, քանի որ նրան մի քանի վիրահատությամբ կարելի է բուժել միայն: Ձախ աչքի տեսողությունը վերականգնելը մասնագետները համարում են անհնարին, սակայն աջ աչքով Քրիստինեն կարող է 100%-անոց տեսողություն ունենալ: Արաքսյան վստահեցնում է, որ երեխային 1-ին հիվանդանոցից դուրս գրելուց հետո իրենց անգամ չեն զգուշացրել, որ հետագայում պետք է երեխային ստուգման ենթարկել: Բժշկական պատմության մեջ էլ երեխայի առողջ լինելու վերաբերյալ ստորագրել են: Այն դեպքում, երբ Քրիստինեն կուրացել է ընդունած թթվածնի մեծ չափաբաժնից: Երեխայի ծնողները չեն դիմել դատարան, ոչ էլ` Առողջապահության նախարարություն, քանի որ փոքրիկի տեսողությունը վերականգնելու ամենօրյա հոգսերն այլեւս պատասխանատվություն պահանջելու ժամանակ չեն թողնում: Սանկտ Պետերբուրգում կատարված վիրահատությունից անցել է երեք ու կես տարի, այնինչ` շատ չանցած պետք է կատարվեր երկրորդ վիրահատությունը: Այս ընթացքում Արաքսյան ու Վաչիկն ամեն ինչ արել են գումար հայթայթելու եւ երեխային կրկին տեղափոխելու համար, բայց… «Ոչինչ չստացվեց: Երկու փոքրիկ երեխա ունենք ու ապրում ենք ամուսնուս աշխատավարձով: Ոչ մի հնարավորություն չենք կարողանում ստեղծել: Ժամանակը գնում է, երեխաս մեծանում է, ու ավելի բարդանում ա վիճակը: Դեռ մեկ ու կես տարեկան էր, որ բժիշկն ասում էր` շատ եք ուշացրել, իսկ հիմա, հիմա էլ ժամանակ չունենք, կարող է կորցնենք մեկ աչքի տեսողությունը վերականգնելու հույսը»,- ասում է Արաքսյան, ով ամուսնու եւ երկու մանկահասակ երեխաների հետ բնակարանը վաճառելուց հետո հանգրվանել է Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանում: Մի քանի մետրանոց սենյակում բնակվող այս երիտասարդ ամուսիններն այլեւս վաճառելու ոչինչ չունեն: Հասկանում են, որ ժամանակն աստիճանաբար սպանում է երեխային բուժելու վերջին հույսը: Արաքսյայի մայրն ասում է` «Ճիշտն ասած` իրենք ամուսիններով շատ հպարտ են, եւ մեր` տատիկներիս, լրագրողներին դիմելու խորհուրդը չէին ընդունում: Երկուսն էլ ամաչում էին: Բայց երկար համոզելուց հետո նոր համաձայնվեցին, որովհետեւ հասկանում են, որ ուրիշ տարբերակ չկա: Մենք չենք կարողանում, բայց մեր երկրում շատ բարի մարդիկ կան, որոնք պատրաստ կլինեն երեխային մի աչքի լույս տալ»: Քրիստինեի տեսողությունը վերականգնելու համար նաեւ Իսրայելի ակնաբույժները կարող են լավ արդյունք ապահովել, սական ծնողներն առայժմ փորձում են Սանկտ Պետերբուրգի` առավել մատչելի գներով կլինիկայում այդ գործողությունը կատարել: Մոտ 7000 դոլար կազմող վիրահատության համար գումարի խնդրանքով փոքրիկի տատիկը` տիկին Ծովինարը, երկու անգամ դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, բայց նամակը, հավանաբար, Գ. Ծառուկյանին չի հասել. «Ես ԲՀԿ անդամ եմ, մտածում եմ` կընդառաջեն, մանավանդ որ երեխայի կյանքի հարցն է, բայց… Շուտով ընտրություններ են, երեւի որոշ մարդիկ բարեգործություններ կանեն: Էլի ոչինչ, թող էդպես անեն, դրան էլ եմ համաձայն, մենակ թե երեխան հասկանա` լույսն ինչ բան ա: Խնդիրն էն է, որ ընտրություններին ահագին ժամանակ կա, իսկ երեխայի համար օրերն ու ամիսներն էլ ճակատագրական են: Տղաս ու հարսս շատ սկզբունքային ու ամաչող են, բայց դե արդեն հասկանում են, որ ելք չկա: Ուրիշ ոչ մեկի չենք դիմել»:
Քրիստինեի տատիկները ներկայումս ճանապարհներ են որոնում պահանջվող գումարը հայթայթելու համար: Աղջիկն ամբողջ խոսակցության ընթացքում մոր ձեռքն ամուր բռնած` լարել է տեսողությունը: Բոլորը խոսում են իր կուրության մասին, բայց ինքը փոքր է` հասկանալու համար, թե մարդն առանց տեսողության ինչ դժբախտ է: Քրիստինեն ծնված օրից չի տեսել լույսը: Չգիտի` ինչպիսին է իր մայրը, իրենից փոքր եղբայրը, իր տունն ու իրեն շրջապատող աշխարհը: Կարծում է` ձայնը մարդու էությունն է, որովհետեւ միայն ձայները լսելիս է կարողանում մարդկանց տարբերել: Արաքսյան ասում է, որ իրեն անծանոթ ձայներից Քրիստինեն մի տեսակ հետ է քաշվում, եւ երջանիկ է միայն իր ճանաչած ձայների միջավայրում: Չի սիրում դրսում լինել, առավոտից իրիկուն իր տունն է ուզում, որի տարածքը հինգ տարի շարունակ շոշափելով` արդեն յուրացրել է: Տատիկն ասում է, որ նա անչափ սիրում է հեքիաթներ լսել. «Կարող է առավոտից իրիկուն պառկած լսել հեքիաթներ ու չձանձրանալ»: Քրիստինեն մեկ էլ սիրում է այն փոքրիկի չարաճճիի ձայնը, որը կոչվում է եղբայր: Թեեւ երբեք նրան չի տեսել, բայց Կարապետի ձայնն իրեն հարազատ է ու ջերմ: «Աչքերս կնկարե՞ս, որ ինձ բուժեն»,- ամեն երեք րոպեն լրանալուն պես` կրկին ասում է Քրիստինեն, ով նաեւ շատ է սիրում, որ հայրը հեռախոսով իրեն նկարում է, բայց կյանքում չի տեսել իր նկարները: Երբեւէ աշխարհը չտեսած հինգ տարեկան այս փոքրիկը իր մութ կյանքում ամենաշատը հեքիաթներ է սիրում: Կարծում է` կյանքն էլ հեքիաթի նման է, որտեղ անհնարին բաները իրականանում են կախարդական փայտիկներով: Հեքիաթներ սիրող Քրիստինեն հավատում է, որ աչքերը նկարելուց հետո անպայման իրեն բուժելու են: