«Ուսանողակենտրոն համակարգ ստեղծելու հետ մեկտեղ` պետք է պատասխանել հարցին, թե ներկա պահին Հայաստանում ո՞ւմ է պետք կրթված երիտասարդը, նա կարո՞ղ է պետության մեջ իր դիրքը եւ տեղը գրավել»,- «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում, մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ երեկ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ի պատասխան կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն պնդմանը, թե «բոլոնյան համակարգը իր հետ կբերի մի շարք բաներ` ուսանողակենտրոն համակարգ, կոռուպցիոն ռիսկների նվազում, աշխատաշուկայի ստեղծում»: Կարեւորելով բոլոնյան գործընթացում սոցիալական բաղադրիչի առկայությունը` Ա. Սեդրակյանը նշել է, որ գործընթացի կենտրոնում գտնվում են այն խավերը, որոնք սոցիալապես խոցելի են: «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը շեշտել է «Կրթություն ամբողջ կյանքի ընթացքում» սկզբունքի կարեւորությունը` ավելացնելով, որ երբեմն մեր գիտելիքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: «Հայաստանում դասախոսը եւ ուսանողը չեն հետապնդում մեկ պրոֆեսիոնալ նպատակ»,- ասել է Անուշ Սեդրակյանը: Նշենք, որ Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների հիմքում եվրոպական համակարգն է` հիմնված 1999թ. Բոլոնիայի հռչակագրով, որին Հայաստանը միացել է 2005թ.-ին: Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է նաեւ, որ բոլոնյան գործընթացի շրջանակներում բարեփոխումների ավարտի վերջնաժամկետը Հայաստանում հետաձգվել է մինչեւ 2020 թվականը: