Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթվա վերջին այցելեց Մոսկվա: Հնարավոր է` դա նրա վերջին հանդիպումն էր Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ հաջորդ բանակցությունը տեղի կունենա նախագահական աթոռին վերադարձող Վլադիմիր Պուտինի հետ: Հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին մեր հարցերին պատասխանում է պրոֆեսոր, ՌԴ ԳԱ Եվրոպայի ինստիտուտի` Միջերկրածովյան եւ Սեւծովյան խնդիրների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Ալլա Յազկովան:
– Ռուսաստանն ակտիվորեն ձեռնամուխ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն հաջողության չի հասել: Համենայն դեպս` գոնե արտաքնապես ամեն ինչ մնացել է նույն մակարդակին. այդպես էլ չհաջողվեց մոտեցնել Բաքվի ու Երեւանի դիրքորոշումները: Ադրբեջանական կողմը լսել անգամ չի ուզում` Լեռնային Ղարաբաղի անկախության, իսկ հայկական կողմը` Ղարաբաղի` Բաքվի ենթակայության տակ վերադառնալու մասին: Ի՞նչ կարելի է ակնկալել հեռանկարում, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի նախագահի աթոռին վերադառնում է Վլադիմիր Պուտինը: Արժե՞ արդյոք մտածել, որ Ռուսաստանն ինչ-ինչ կտրուկ քայլեր կձեռնարկի:
– Չէի ասի, թե Վլադիմիր Պուտինը վերադառնում է նախագահի պաշտոնին: Մենք ամեն դեպքում ժողովրդավարական երկիր ենք, եւ գոյություն ունի ընտրական համակարգ: Մենք դեռ նոր պիտի ընտրենք ոչ միայն նախագահ, այլեւ խորհրդարան: Սակայն ես այն կարծիքին եմ, որ անկախ այն բանից, թե ով կլինի նախագահ` Մեդվեդեւ՞ը, թե՞ Պուտինը, Ռուսաստանը միշտ էլ պահպանել է նույն եւ միանգամայն ճիշտ դիրքորոշումը` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատված ստատուս-քվոն: Գոյություն ունեն մի շարք միջազգային իրավական նորմեր: Եվ ամենից առաջ դա ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետում, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության պահպանման մասին: Իհարկե, հետո ընդունվել են տարբեր որոշումներ, այդ թվում եւ` հելսինկյան խորհրդակցության ժամանակ, որտեղ խոսվում է սահմանների անխախտելիության մասին: Ոչ թե անսասանության, այլ հենց անխախտելիության, այսինքն` հնարավոր է սահմանները փոփոխել բանակցությունների ճանապարհով: Ահա այստեղ էլ մոտենում ենք նրան, ինչ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ` շատ լավ է, որ այս հակամարտության կարգավորմանը ձեռնամուխ է եղել Մինսկի խմբի անդամներից որեւէ մեկը (խումբ, որ ստեղծվել է ԵԱՀԿ-ի որոշմամբ), այսինքն` Ռուսաստանը կամ, ինչպես հիմա փորձում է դա անել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ի՞նչ կարելի է ասել: Կարծում եմ` դիրքորոշումները կարող են իրար մոտեցվել հակամարտող կողմերի հետ բանակցությունների միջոցով: Երբ սկսվում են բանակցությունները, ապա ինքը` բանակցային գործընթացը պահանջում է չտրվել նախօրոք ձեւավորված տեսակետներին: Հիմա Ադրբեջանը Ղարաբաղը համարում է իր տարածքը, Հայաստանը անհրաժեշտ է համարում Ղարաբաղին անկախության տրամադրումը: Հնարավոր չէ ոչ մի հարց լուծել, եթե կողմերը փոխզիջումային որոշումներ չգտնեն, փոխզիջումներ չփնտրեն: Խոսքն այստեղ ոչ միայն Ղարաբաղին է վերաբերում, այլ նաեւ բռնազավթված ադրբեջանական տարածքներին` այն 7 շրջաններին, որոնք Հայաստանը չի համաձայնում ազատել` պատճառաբանելով, թե դա անվտանգության գոտի է: Հասկանո՞ւմ եք, եթե անվտանգության գոտին ստեղծվում է մի այլ երկրի տարածքների հաշվին, դա մի փոքր տարօրինակ է: Այդ պատճառով, թերեւս, նպատակահարմար կլիներ այս խնդրի քննարկումն ընդգրկել բանակցային գործընթացի մեջ… Այժմ` բուն Ղարաբաղի մասին: Այս կոնկրետ դեպքում թերեւս խոսքը ոչ այնքան փախստականների, այլ ժամանակավորապես տեղահանված մարդկանց մասին է. ամեն դեպքում իրավաբանորեն Ղարաբաղը միջազգային ընկալմամբ մնում է Ադրբեջանի տարածք: Ի՞նչ կստացվի սրանից: Այստեղ երկրորդ հարցն է ծագում. ինչպե՞ս համագոյակցել այդ տարածքներում ապրող մարդկանց հետ: Այստեղ շատ կուզենայի նշել, որ 20 տարի շարունակ Ղարաբաղում հակաադրբեջանական քարոզչություն է տարվում, իսկ Ադրբեջանում` հակահայկական: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես այդ քարոզչական թեզերը թուլացնել եւ վերացնել, հատկապես, երբ խոսքը երիտասարդության մասին է: Այդ թվում եւ` մտածել այն մասին, թե ի՞նչ են երիտասարդությանը սովորեցնում դպրոցներում հակամարտող երկու կողմերը: Նման քայլերն, ի դեպ, նյութական առումով ոչ մի բարդություն չեն ներկայացնում կողմերից եւ ոչ մեկի համար: Եվ արդեն շատերն են հանգել այն մտքին, որ պետք է սկսել համագործակցել, ոչ թե իրար նայել ավտոմատի նշանակետի միջով: Հաջորդը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Այստեղ Ադրբեջանն անտարակույս ունի իրավական առավելություն, եւ այս առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 4 բանաձեւ է ընդունվել: Պետք է մտածել, թե ինչպես լուծել այս հարցը: Նորից կրկնեմ, որ Ղարաբաղն իրավաբանորեն հանդիսանում է Ադրբեջանի տարածքը, իսկ Ադրբեջանի հետագա գործողությունների իրավական կողմն այն կլինի, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է վճռվի Ադրբեջանի ողջ տարածքում: Այսինքն` հանրաքվեն պետք է անցկացվի ոչ թե Ղարաբաղի, այլ ողջ Ադրբեջանի տարածքում: Հայաստանի եւ Ղարաբաղի համար սա անընդունելի է: Ուրեմն հարկավոր է մտածել, թե ինչպես լուծել այս հարցը, հետեւաբար` պետք է բանակցություններ վարել: Ես այն կարծիքին եմ, որ որքան էլ իմաստուն եւ հզոր լինեն միջազգային միջնորդներն ու բանակցողները, ավելի ճիշտ կլինի, որ հակամարտող կողմերն իրենք սկսեն անմիջական բանակցություններ: Չգիտեմ` որքանով է դա հնարավոր. միգուցե այդ գործընթացը պետք է սկսել հասարակական մակարդակով: Նման հիմնախնդրի լուծման հասարակական հարթությունն ընդունված է ողջ աշխարհում, սակայն տվյալ դեպքում կողմերը չեն կարողանում անցնել փոխգործակցության նման ձեւի, եւ ընդհանրապես անտեսում են այդ ձեւը:
– Գնալով մեծանում է Թուրքիայի դերը` իբրեւ տարածաշրջանային խաղացողի: Կարո՞ղ է արդյոք Թուրքիան ավելի վճռական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եւ ինչպե՞ս դրան կարձագանքի Ռուսաստանը` դարձյալ հաշվի առնելով Պուտինի գործոնը:
– Թուրքիան այսօր «ոտքի է կանգնում»: Թուրքիայի կարգախոսը նեոիսլամիզմն է, այսինքն` իր ազդեցության մեծացումը այն տարածքներում, որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության կազմում, եւ որտեղ որոշ չափով պահպանվել են այն ավանդույթները: 2000-ական թթ. կեսերից սկսած` թուրքական իշխանություններն ակտիվորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլաններ են մշակում, հատկապես 2008թ. օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո: Եվ դա հասկանալի է. Թուրքիան Ադրբեջանի հետ յուրահատուկ հարաբերություններ ունի, որ կապված է նրանց լեզվական ու էթնիկ ընհանրության հետ: Մյուս կողմից` Թուրքիան Հայաստանին եւս դիմում է ամենատարբեր առաջարկություններով: Օրինակ` Թուրքիայի խորհրդարանը կրկին հիշեց միջպետական հարաբերությունների բարելավմանն ուղղված «ցյուրիխյան համաձայնագրի» մասին: Այդ պատճառով Թուրքիայի միջնորդությունը միանգամայն հնարավոր է: Իսկ Հայաստանի համար կարեւոր են եւ՛ Հայաստանը, եւ՛ մյուս կողմից` նաեւ Ադրբեջանը: Ռուսաստանը, ինչպես եւ ցանկացած երկիր, առաջնորդվում է իր սեփական շահերով:
– Ի՞նչ կարող է տեղի ունենալ ռուս-վրացական հարաբերություններում (հաշվի առնելով աբխազական եւ օսական գործոնները), եթե նախագահի պաշտոնին վերադառնա Վլադիմիր Պուտինը:
– Այստեղ ավելանում է անձնային գործոնը: Թեեւ հարկ է նշել, որ այժմ Վրաստանում սրվում է իրավիճակը Վրաստանի նախագահի շուրջ: Եվ դա` անկախ Ռուսաստանից, բոլորովին այլ պատճառներով: Սկզբում կարծես թվում էր, թե Վրաստանը բոլորից առաջ է անցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով: Այժմ շատ բան բացահայտվեց, բացասական շատ բաներ, այդ պատճառով Վրաստանի նախագահի դիրքերը չի կարելի շատ ամուր համարել: Սակայն պետությունների ղեկավարների անձնային գործոնը միշտ էլ կարեւոր դեր է խաղացել եւ խաղալու է: Ինչ վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդրին, ապա այժմ հարավօսական կողմից հայտարարություններ են հնչում, որ Հյուսիսային Օսեթիայի հետ միավորումը նպատակահարմար չէ, եւ ինքը` Հյուսիսային Օսեթիան էլ մեծ զգուշավորությամբ է վերաբերվում դրան: Իսկ Աբխազիայում շատ են ներքին բարդ խնդիրները: Այս ամենից բացի` գոյություն ունի տարածված կարծիք, թե որեւէ արտակարգ իրավիճակի դեպքում աբխազական կողմի համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ Վրաստանի հետ, քան Ռուսաստանի:
– Ըստ Ձեզ` ի վիճակի՞ է արդյոք այսօրվա Ռուսաստանը Պուտինի ղեկավարությամբ կատարելու իր` տարածաշրջանային ինտեգրացիոն ֆունկցիան:
– Դրա համար հիմքեր կան: «Ինտեգրացիա» տերմինը, կարծում եմ, դեռ վաղ է գործածելը, սակայն հնարավոր է դրան մոտենալ: Թեեւ դրա համար պետք է փոխադարձ օգուտ լինի: Ի վերջո, Ուկրաինայի նման մոտ գտնվող երկիրը սեփական շահերն ունի, եւ նա դրանք չի անտեսի հանուն ինչ-որ հեռանկարների: Մյուս կողմից` հարց է ծագում. իսկ ո՞վ պետք է ինտեգրվի Ռուսաստանին: Նույնիսկ Հայաստանում կարծիքներ են հնչում, որ Ռուսաստանն, իհարկե, լավ է, բայց այն հեռու է: Հայաստանը կտրված է Ռուսաստանից եւ Իրանի հետ, թերեւս, ավելի շատ առեւտրային, տնտեսական, տրանսպորտային կապեր ունի, քան Ռուսաստանի: Թուրքիան ինչ-որ բան է առաջարկում, փորձում է տարածաշրջանային լիդերի դերը: Եվ եթե հանկարծ լուծվեր Ղարաբաղի հիմնախնդիրը, ապա ներկովկասյան մերձեցումը` միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչված երեք սուբյեկտների մերձեցումը իրականություն կդառնար:
Ակնհայտ է, որ այս հարցազրույցի ամենամեծ արժեքը սույն ռուս տիկնոջ անկեղծությունն է: Առանց ավելորդ ձեւականությունների, ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստանի համար կարեւորագույն այլ խնդիրների վերաբերյալ նա խոսում է ակնհայտ պրոադրբեջանական դիրքերից` ըստ էության արտահայտելով Ռուսաստանի քաղաքական ղեկավարության շրջանում առկա դիրքորոշումը, քանի որ ՌԴ արտաքին քաղաքականությունը մշակվում է նաեւ այնպիսի ինստիտուտներում, որը ներկայացնում է Ա. Յազկովան: Նման տեսակետների ընթերցումը հատկապես կարեւոր է հայաստանյան այն շրջանակների համար, որոնք Ռուսաստանի հետ կապված ամեն ինչին վերաբերվում են ինքնանվաստացման աստիճանի հասնող խանդավառությամբ: